Foto

Միրզոյան. Հայաստանով միջանցքի քննարկվող տարբերակը հակասում է ՌԴ-ի և Իրանի շահերին

Հայաստանով միջանցքի բացումն այն տարբերակով, որի մասին այսօր խոսում են, ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար, որի համար այս տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի։ Այս մասին Новости Армении–NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նա չի բացառել, որ Ռուսաստանը կարող է գնալ բազմաթիվ քայլերի՝ սկսած ծաղիկների արտահանման արգելքից և այլն։ «Մեր տնտեսությունն այնքան փխրուն է, որ յուրաքանչյուր քայլ կարող է վնաս հասցնել նրան։ Մեր տնտեսական համակարգը կարող է չդիմանալ լուրջ հարվածներին»,- նախազգուշացրել է Միրզոյանը։

Նախկին նախարարը նշել է, որ Իրանը նույնպես չի ցանկանում, որ իր հյուսիսային սահմաններին օտար ուժեր հայտնվեն։ «Բազմաթիվ փաստեր կան այն մասին, թե ինչպես Իսրայելի հետ վերջին պատերազմի ժամանակ նշված հատվածից հարվածներ են հասցվել Իրանի տարածքին։

Սրանից էլ վախենում է Իրանը, վախենում է կորցնել բարեկամ Հայաստանի հետ կապը»,- նշել է նա։

Միրզոյանը կարծում է, որ Թուրքիան ձգտում է իրեն ներկայացնել որպես չեզոք միջնորդ և ցանկանում է երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանային տերությունից վերածվել գլոբալի։ «Եվ միջնորդի այս դերի համար Թուրքիան ցանկանում է վարձատրություն ստանալ, և մի շարք խաղացողներ հասկանում են այդ վարձատրության գինը»,- հավելել է նա։

Նախկին նախարարը նկատել է, որ բոլորը խոսում են այլ երկրների շահերի մասին, բայց չեն խոսում Հայաստանի շահերի մասին։ «Այսօր, խոսելով Հայաստանի մասին, բարձրացնում են Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների շահերի հարցերը, բայց չեն խոսում Հայաստանի շահերի մասին։ Մեզ համար դա ամենակարևորն է»,- ասել է նա։

Ըստ նրա գնահատականի, ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրենքը գործնական հարթությունում Միության հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հայաստանին ոչինչ չի տալիս։

«Միևնույն ժամանակ Հայաստանը գնում է դեպի ՇՀԿ։ Ինչպե՞ս կարելի է դա համատեղել։ Կամ դու խոսում ես այն մասին, որ Իրանը մեզ կպաշտպանի, իսկ հետո գնում ես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման։ Մեր տարածաշրջանում չի կարելի նման անհեռատես քայլեր անել։ Նման քաղաքականությունը հանգեցրեց Արցախից հայերի բռնագաղթին և Հայաստանի տարածքների օկուպացիային»,- եզրափակել է Միրզոյանը։