Foto

Արևմուտքի երկրների հետ ՀՀ–ի հարաբերությունների զարգացումը մենք Իրանի դեմ քայլ չենք գնահատում. Սոբհանի

Հայաստանն անկախ երկիր է և Իրանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան համարում է Հայաստանի Հանրապետության բնական իրավունքը: Հայաստանի Հանրապետության հարաբերությունների դիվերսիֆիկացիաների կողմերից մեկը հենց Իրանն է եղել: Այս  մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով տարածված տեսակետին, թե Իրանը հնարավոր է՝ միանշանակ չնայի Հայաստան-ԵՄ, Հայաստան–Արևմուտք մերձեցմանը։

«Ձեր նշած երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորությունը մենք Իրանի դեմ քայլ չենք գնահատում։ Հայաստանը ուղղակի փորձում է տարբեր ձևերով դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները՝ ի շահ իր երկրի։ Հայաստանը անկախ երկիր է, մենք չենք կարող Հայաստանին ասել այս երկրի հետ հարաբերություններ ունեցիր և այն երկրի հետ հարաբերություններ մի ունեցիր։ Ուղղակի այն, ինչ մենք մտածում ենք, հետևյալն է, որը Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը օգնի նաև Իրանի հետ հարաբերություններին»,–ասել է դեսպանը։

«Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ Եվրոպայի և այլ երկրների հետ իր լավ հարաբերությունները օգտագործի Իրանի հետ իր հարաբերությունները զարգացնելու գործում։ Եվ պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ վստահեցրել է, որ արտաքին հարաբերությունների զարգացումը Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ և ինչպես նաև այն թուլացնելու համար չէ։ Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, և Հայաստանի կառավարությունը շատ նուրբ ձևով պահպանում և պաշտպանում է Իրանի հետ իր հարաբերությունները, որովհետև այն ինչ կատարվում է, երկու երկրների և երկու ժողովուրդների շահերից է բխում»,- հայտարարել է դեսպան Սոբհանին։