Բաթումիում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացի և օտարերկրացի՝ ուրան վաճառելու և գնելու փորձի համար։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն։
Նրա խոսքով՝ մեղադրյալները ցանկացել են 3 միլիոն դոլարով ուրանի առքուվաճառք իրականացնել։ Այս միջուկային նյութը, հաշվի առնելով իր հզորությունը և ճառագայթման աղբյուրը, հարմար է ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով պայթուցիկ սարքեր պատրաստելու համար, պնդում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը։
Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով (միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների և նյութերի անօրինական մշակում): Այս հոդվածով նրանց սպառնում է 5-ից 10 տարի ազատազրկում: