Ռուսաստանը, Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում, Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին՝ ի պատասխան ստանալով 19 զոհված ռուսաստանցի զինծառայողի մարմին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում։
«Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինային ենք հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին։ Ստացել ենք մեր զոհված մարտիկների 19 մարմին։ Թող հանգչեն նրանք հայրենի հողում», - գրել է նա:
ՌԴ-ն և Ուկրաինան Ստամբուլում անցկացրել են ուղղակի բանակցությունների երկու փուլ, որոնց ընթացքում պայմանավորվել են ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։ Ռուսաստանը նշել է, որ պատրաստ է բանակցությունների երրորդ փուլին, սպասում է Կիևի պատասխանին։