Այսօր՝ հուլիսի 11-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մեծ թվով ջերմոցատերեր հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը հասցնելու պատասխանատու կառույցներին այն հարցի շուրջ, որ հարյուրավոր հեկտարների վրա ցանված ծաղիկները չեն կարողանում արտահանել Ռուսաստանի Դաշնություն՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Ջերմոցատեր գյուղացիները, որոնք զբաղվում են ծաղկի բիզնեսով, հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ եկել է ծաղկի հավաքելու և արտահանելու ժամանակը, որից ստացված եկամուտներով պետք է փակեն բանկերից վերցրած վարկերը, սակայն ծաղիկ չի արտահանվում, իսկ տեղական շուկան էլ շատ փոքր է այդքան մեծ քանակի ծաղիկներ իրացնելու համար։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մտահոգ գյուղացիները ասել են․ «Մեզնից յուրաքանչյուրը վարկերով ջերմոցներ է կառուցել, վարկերով թունաքիմիկատներ, դեղորայք գնել և խնամքի ծախսերը հոգացել, սակայն այսօր ծաղիկները հավաքում և թափում ենք, քանի որ չենք կարողանում արտահանել։ Արդեն 5 օր է՝ ծաղիկները տանում ենք տեղական շուկա, էլի հետ բերում, կամ եթե բախտներս բերում է, վաճառում ենք 200-300 դրամ այն դեպքում, երբ այդ փնջի ծաղիկները աճեցնելու համար մենք ծախսել ենք 1500-1600 դրամ։ Մեր պահանջը այն է, որ եթե ճանապարհները փակել են, ի՞նչ են մտածում հարգելի էկոնոմիկայի նախարարը, հարգելի պատասխանատուները։ Գոնե գան, ասեն՝ ճանապարհը երբ կբացվի, կամ ասեն չի բացվի, գոնե դեղորայքի, ջրելու, հոսանքի փող չտանք։ Միլիոնների ներդրում ենք արել հույսով, որ պետք ա հիմա վաճառենք, բայց փաստորեն իզուր։
Բանկերը էլ վարկեր չեն տալիս, արդեն էլ տեղ չկա վարկ վերցնելու։ Տանը էլ ոսկի էլ չի մնացել, որ գրավադրենք ու դրանով էլ վարկերի ամսական մարումները կատարենք։ Մենք մեր հող ու ջուրը սիրելով էսքան ներդրում ենք արել, վարկեր ենք վերցրել, որ էսօր կանգնենք կոտրած տաշտակի առաջ։ Այս թաղամասում մոտ 400 հազար հատ լիզանտուս ծաղիկ կա դրած, որոնք ծաղկում են հիմա, բայց ստիպված քաղում, թափում ենք։ Միայն այդ 400 հազար ծաղիկի համար վճարել ենք 40 մլն դրամ, միայն դատարկ բույսի գումարն է դա, էլ չեմ ասում խնամքը։ Ոչ մի տեղից արձագանք չկա։ Մենք ինչի պետք է ինչ-որ մեկին դիմենք, թող պատասխանատուները հայտարարեն որն է պատճառը։
Ռուսաստանում ասում են, որ ծաղկի վրա վնասատուներ չլինեն, բայց մեր ծաղիկները առողջ են և ոչ մի վնասատու չեն պարունակում։ Մի քանի օր էլ եթե այսպես շարունակվի, մեր ամբողջ բերքը կդառնա ոչ պիտանի։ Ասում են իբր հողի վրա աճեցված ծաղիկը չի կարող դուրս գալ, բայց բոլորն էլ գիտեն, որ այստեղ մեծամասնությունը հողի վրա է աճեցնում ու երկար տարիների արտահանել ենք, ինչի՞ հենց հիմա նման պահանջներ առաջացան, այն էլ չհիմնավորված ու չարդարացված։ Մենք դիմում ենք ՀՀ Կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու խնդրում, որ հետևողական լինի ու խնդիրը լուծում ստանա։ Միչև երկուշաբթի, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, մենք ստիպված կլինենք դիմել կտրուկ քայլերի, որոնց մասին նախօրոք չենք հայտարարում»։