Foto

Ողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա. Վիտալի Միլոնովը՝ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների մասին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին:

Պատգամավորի խոսքով՝ չի բացառվում, որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցի համար, որը ողբերգական կլինի Հայաստանի ապագայի համար:

«Հայաստանի համար գլխավոր ռիսկը կոչվում է Նիկոլ Փաշինյան, որովհետև Ալիևը, Էրդողանը և մյուսները չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Նրանք Հայաստանի համար երբեք բարեկամ չեն եղել և չեն լինի։ Սա հանդիպում է անորոշ օրակարգով, և այն թաքցված է մարդկանցից։ Եթե խոսենք ինչ-որ սահմանային սահմանազատման մասին, ապա վաղուց ժամանակն է դա անել։ Ես վախենում եմ, որ ինչ-որ անհասկանալի գործողությունների արդյունքում ինչ-որ մեկը կարող է կարծել, որ Հայաստանը պատրաստ չէ տեր կանգնել իր ողջ տարածքին։ Եվ կարող է պայմանագիր կնքվել Նախիջևանի և Ադրբեջանի միջև տարածքի ինչ-որ անվերահսկելի տարանցման մասին, այսինքն, ըստ էության, միջանցքի ստեղծում, որն, անշուշտ, ողբերգական կլինի տարածքի, հենց Հայաստանի ապագայի համար։ Այսինքն՝ ենթադրությունը, որ նրանք հանդիպել են այսպես կոչված միջանցքի հարցի համար, ես չեմ կարող բացառել»,-ասել է Միլոնովը։

Պատգամավորի կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում։

«Ե՛վ Ալիևի, և՛ Փաշինյանի գործողությունները շատ սինխրոն են արվում։ Անձամբ ես վստահ եմ, որ այս ամենը նույն արշավի որոշ տարրեր են։ Եվ այս արշավի արդյունքը ցավալի է Հայաստանի՝ որպես ամբողջ պետության գոյության համար։ Եթե այսպես կոչված միջանցք բացվի, ապա ամբողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ կան մորուքավոր բարբարոսների ինչ-որ հորդաներ, որոնք եկել են Թուրքիայի տարածքից և այժմ թալանում, բռնաբարում և սպանում են Սիրիայի տարածքում։ Եվ մեծ ռիսկ կա, որ նրանք կարող են հայտնվել հայկական տարածաշրջանում»,-եզրափակել է Միլոնովը։