Foto

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պայմանավորվել են «մեկը մեկի դիմաց» սկզբունքով միգրանտներին վերադարձնել Լա Մանշով

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնեցրել են փորձնական սխեմա, որը թույլ կտա Լոնդոնին փոքր նավակներով Լա Մանշը հատող միգրանտների մի մասին վերադարձնել Ֆրանսիա։ Այս մասին Լոնդոնում հայտարարել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ն։

Ըստ համաձայնագրի, Բրիտանիան ռետինե նավակներով նեղուցը հատած որոշ անօրինական միգրանտների կվերադարձնի Ֆրանսիա՝ միաժամանակ համաձայնելով ընդունել նույն թվով մարդկանց, որոնց ապաստանի հայցերը հիմնավորված կճանաչվեն։ «Մեկը մեկի դիմաց» ծրագիրը պետք է սկսի գործել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում և, ըստ Սթարմերի, պետք է զսպիչ գործոն դառնա վտանգավոր հատման նոր փորձերի համար։

«Առաջին անգամ փոքր նավակներով ժամանող միգրանտները կձերբակալվեն և սեղմ ժամկետներում կվերադարձվեն Ֆրանսիա», - ասել է Սթարմերը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ «կախարդական փայտիկ գոյություն չունի», բայց սա «փոխգործակցության նոր մակարդակ է»։

Մակրոնն իր հերթին հավելել է, որ այս միջոցը նախևառաջ կոչված է «զսպելու» անօրինական միգրացիայի հոսքերը և ընդգծել է, որ երկու երկրներն էլ շահագրգռված են փորձնական նախագծի հաջողությամբ։

Գագաթնաժողովին պայմանավորվել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության և Ուկրաինային աջակցության շուրջ։

Միգրացիայի վերաբերյալ պայմանավորվածությունները դարձել են ավելի լայն բանակցությունների մաս. երկրները ստորագրել են միջուկային զսպման համակարգման և պաշտպանական համագործակցության ամրապնդման մասին նոր համաձայնագրեր։ Բացի այդ, Մակրոնը և Սթարմերը մասնակցել են այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» խորհրդակցությանը՝ Ուկրաինայում հնարավոր ապագա զինադադարի պահպանումն ապահովելու համար միջազգային առաքելություն նախապատրաստելու նախաձեռնությանը։

Կոալիցիայի շտաբ-բնակարանը կտեղակայվի Փարիզում, ինչը, ըստ մասնակիցների, թույլ կտա պատերազմի ավարտից հետո արագ տեղակայել ուժերը։