ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինային պաշտպանության համար Patriot զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) են անհրաժեշտ, և հիասթափություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարտական գործողությունները դադարեցնելու անկարողության առնչությամբ, հայտնում է Reuters-ը։
Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ լավ զրույց է ունեցել Զելենսկու հետ՝ կրկնելով, որ «շատ դժգոհ» է եղել նախօրեին Պուտինի հետ իր զրույցից՝ հաշվի առնելով այն, ինչը նա որակել է որպես ռուսաստանցի առաջնորդի՝ հրադադարի շուրջ աշխատելուց հրաժարում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կհամաձայնի Ուկրաինային ավելի շատ Patriot հրթիռներ մատակարարել, որոնց մասին խնդրել էր Զելենսկին, Թրամփն ասել է. «Դրանք նրանց պետք կգան պաշտպանության համար... Դրանք նրանց պետք կգան, քանի որ նրանց շատ ուժեղ են հարվածում»։
Թրամփը նշել է Patriot հրթիռների արդյունավետությունը՝ այդ զենքը «բավականին զարմանալի» անվանելով։