Որոշ փոփոխություններ ենք արել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում: 2021-ին մեկնարկել ենք գործընթացը ու դրանից հետո ամեն տարի կարգը լրամշակել ենք: Կարգի լրամշակումը տեղի է ունենում գործընթացի մանրամասն վերլուծության, նաև ուսուցիչների առաջարկների հիման վրա: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նախագծով հստակեցվել են որոշ դրույթներ, որոնք պարզ չէին:
«Նախորդ տարի, երբ մենք էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացրինք ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ գործընթացը պիտի կիսենք երկու մասի. պետք է առանձնացնենք բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել թեստի որևէ հարցի հետ, և կարող են ուսուցիչներն ունենալ հարցեր տեղում՝ էլեկտորնային համակարգի տեխնիկական որոշ խնդիրների հետ կապված:
Այս դեպքում հնարավորություն ենք տվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրաձայնած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում»,- ասաց նախարարը: