Foto

Թեմատիկ 4 նիստ՝ եվրոպական 7 երկրի դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցի մասնակցությամբ. ամփոփվել է Գլխավոր դատախազության համաժողովը

Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել էր «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը:

Հայտնում են գլխավոր դատախազությունից։

 

Սա Գլխավոր դատախազության՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպված երրորդ միջազգային համաժողովն էր: Միջոցառման նպատակն էր ընդգծել դատախազների անկախության և անաչառության ապահովման կարևորությունը՝ պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիայի և փողերի լվացման դեպքերով, քննարկել այդ հանցագործություններով քրեական հետապնդման եվրոպական չափանիշները և լավագույն փորձը, նպաստել անդամ-պետությունների և միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը՝ դատախազի անկախության հարցում արդի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Երկօրյա համաժողովի թեմատիկ 4 նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել՝

  • Դատախազության անկախության և անաչառության երաշխավորմանը.
  • Առանձին հանցագործությունների վերաբերյալ գործերով դատախազների մասնագիտացման անհրաժեշտությանը.
  • Կոռուպցիոն հանցագործություններով և դրանցից ստացված եկամուտների լվացման գործերով քրեական հետապնդման առանձնահատկություններին:

Թեմատիկ առաջին նիստում զեկույցներով հանդես են եկել՝ Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդրա Ռամուշը, Իտալիայի Հանրապետության փոխ-գլխավոր դատախազ Պասկուալե Ֆիմիանին, Հունաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատախազ Թեոլոգոս Դելիվեիս Դոմենիկոսը, Լեհաստանի ազգային դատախազության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության դատախազ Յացեկ Լազարովիչը և Եվրոպայի խորհրդի փորձագետ Դեսպինա Կիպրիանուն:

Թեմատիկ երկրորդ նիստում զեկույցներով հանդես են եկել՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Եվրաջասթի գործընկերների հետ հարաբերությունների խորհրդի անդամ, Եվրաջասթում Շվեդիայի ազգային անդամ Էրիկ Ֆոգելսբոն, Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն և Եվրոպայի խորհրդի փորձագետ Յան Ռիչարդսոնը:

Թեմատիկ երրորդ նիստում զեկույցներով հանդես են եկել՝ Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գինտաս Իվանաուսկասը, Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը և Եվրոպայի խորհրդի փորձագետ Յան Ռիչարդսոնը:

Թեմատիկ չորրորդ նիստում զեկույցներով հանդես են եկել՝ Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի տեղակալ Վահե Ավետիսյանը, Իտալիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ֆուլվիո Բալդին և Եվրոպայի խորհրդի փորձագետ Միքայել Հալեպասը:

Թեմատիկ նիստերը համակարգել են՝ ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության բաժնի ստորաբաժանման ղեկավար Տոմիսլավ Սերտիչը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամփոփելով երկօրյա համաժողովի արդյունքները, շնորհակալություն է հայտնել ներկաներին կարևոր և համբերատար մասնակցության համար. «Ես բացման խոսքում նշեցի, որ «նախադեպը» չունենք բառից հասել ենք «արդեն ավանդույթ է դարձել» փաստահեն բառակապակցությանը: Ասում են՝ մեկը պատահականություն է, երկուսը՝ զուգադիպություն, երեքը՝ օրինաչափություն: Այս համաժողովը երրորդն էր: Առաջարկում եմ այս օրինաչափությունը դարձնել ինքնավար: Ցանկանում եմ, որ մեր մասնագիտական երկխոսությունները Հայաստանում լինեն պարբերական»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու շնորհակալություն հայտնել անհատապես՝ յուրաքանչյուրին և հավաքական իմաստով՝ բոլորին՝ համաժողովն իրականություն դարձնելու համար: