Foto

Ռուսաստանը կհետևի Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների հետ կապված իրավիճակին. Զախարովա

Ռուսաստանն ուշադիր հետևում է Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների ենթադրյալ փակման հետ կապված իրավիճակին և կապի մեջ է Բաքվի հետ՝ գործողությունները համակարգելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել ենք որոշ լրատվամիջոցներում հաղորդագրություններ այն մասին, թե, իբր, Ադրբեջանը պլանավորում է փակել ռուսալեզու դպրոցները։ Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով անմիջապես առաջացած հարցերի հսկայական քանակը, Ադրբեջանի կրթության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, պահպանում ենք շփումները ադրբեջանական կողմի հետ այս հարցի շուրջ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։

Զախարովան հավելել է, որ հերքումը Բաքվի կողմից արվել է ճիշտ ժամանակին, քանի որ այս դեպքում խոսքը միայն «քաղաքական կամ փիլիսոփայական երևույթի մասին չէ. սրանք կոնկրետ մարդկանց ճակատագրերն են»։

«Մենք կշարունակենք համակարգել մեր գործողությունները գործընկերների հետ՝ նման կեղծիքներից և արտահոսքերից վնասը նվազագույնի հասցնելու համար», - եզրափակել է դիվանագետը։

Հունիսի 1-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Ադրբեջանի իշխանությունները որոշել են աստիճանաբար փակել ռուսալեզու դպրոցները: Ավելի ուշ Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը հերքել է այս տեղեկատվությունը։

Ըստ լրատվամիջոցների՝ այս պահին Ադրբեջանում գործում է 340 ռուսալեզու դպրոց, որոնցից 16-ում ուսուցումն իրականացվում է միայն ռուսերենով: Մնացածներում դասավանդվում է երկու լեզվով: Այդ դպրոցներում սովորում է 150-160 հազար աշակերտ: