Foto

Հնդկաստանում և Նեպալում տասնյակ մարդիկ են զոհվել անձրևների սեզոնի մեկնարկից ի վեր

Առնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել սողանքների և հեղեղումների պատճառով, որոնք տեղատարափ անձրևներն առաջացրել են Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի հյուսիսային նահանգում մուսսոնների սեզոնի սկսվելուց հետո: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Վերջին շաբաթվա ընթացքում նահանգի 12 շրջաններ են տուժել  տեղատարափ անձրևների, հեղեղումների և սողանքների հետևանքով: 22 մարդ անհետ կորած է: Նահանգում փակվել է ավելի քան 400 ճանապարհ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր և գյուղատնտեսական հանդակներ: 

Բացի այդ, մուսսոնային անձրևների հետ կապված պատահարների հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում Նեպալում զոհվել է 31 մարդ, ևս 151-ը՝ տուժել, մեկը անհետ կորած է:

Մայիսի վերջին անձրևային սեզոնի սկզբից ի վեր Նեպալում գրանցվել է 674 միջադեպ, որոնց պատճառ են դարձել սաստիկ տեղումները: Երկրում տեղի են ունեցել հեղեղումներ, սողանքներ, կայծակնահարություններ և փոթորկային քամիներ: 

Երկրի մի քանի շրջաններում սողանքների պատճառով վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ։ Տնտեսական վնասը կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար։

Հիմաչալ Պրադեշի նահանգում անձրևների սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, իսկ Նեպալում՝ մայիսի վերջից մինչև սեպտեմբեր: