ԵՄ 3 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, պետք է լիովին վերականգնեն Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Ժամանակն է հենց հիմա ակտիվացնել պատժամիջոցների վերականգնման (Snapback) մեխանիզմը։ Ես կոչ եմ անում «եվրաեռյակ»-ին՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, վերականգնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները», - նշել է նա գրառման մեջ։
Սաարը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու Իրանի որոշումն անվանել է անընդունելի:
«Իրանը հենց նոր սկանդալային հայտարարություն է տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը կասեցնելու մասին։ Սա իր բոլոր միջազգային միջուկային պարտավորություններից և հանձնառություններից լիակատար հրաժարում է», - ասել է Սաարը։
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը վճռականորեն գործել և օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ կանխելու Իրանի միջուկային նկրտումները։