Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ռուսաստանի Իժևսկ քաղաքում (Ուդմուրտիա) ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։
Նա չի հստակեցրել զոհերի և վիրավորների թիվը։ Հուլիսի 1-ին ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իժևսկում գտնվող ձեռնարկություններից մեկին։ Բռնկվել են հրդեհներ։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ձեռնարկության աշխատակիցները տարհանվել են։
Ըստ տեղի Telegram ալիքների՝ Իժևսկի քաղաքապետարանից հայտնել են, որ հուլիսի 1-2-ին պլանավորված ժամանցային միջոցառումները հետաձգվել են։
Իսկ ռուսական ուժերի հարվածներից Ուկրաինայի Նիկոլաևի մարզում 1 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել։ Դնեպրոպետրովսկի մարզում ևս վաղ առավոտյան ռուսական կողմի հասցրած հարվածներից կան զոհեր և վիրավորներ, նրանց հստակ թիվը չի նշվում։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ տեղի իշխանությունները հայտնել են հրթիռային հարվածից հետո հրդեհի բռնկման մասին։
Իսկ գիշերը հարվածների է ենթարկվել Զապորոժիեն։ Քաղաքի ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, վնասվել է 4 մասնավոր տուն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի վրա ռուսական կողմն արձակել է 52 ԱԹՍ, որոնցից 47-ը խոցվել են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է գիշերն ուկրաինական 60 ԱԹՍ խոցելու մասին։