Foto

Փաշինյանը անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր՝ ՀԷՑ-ը խլելու գործընթացը հղի է բացառապես նեգատիվ հետևանքներով. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է, և շուտով նրանք կմտնեն գործնական փուլ։

Փաշինյանը նաև ընդգծել է՝ «պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։

Իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ հնարավոր չէ առանց ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ոտնահարելու՝ ՀԷՑ-ը խլել։

Ինչպե՞ս սկսվեց այս գործընթացը.

Սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե Հայոց սրբությունները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մի՛ պաշտպանիր, այլապես ՀԷՑ-ը կխլենք, նա էլ ի պատասխան հայտարարում է. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ»։ Ի նկատի ունենալով, որ չեն կարող ՀԷՑ-ով վախեցնել և ստիպել, որպեսզի Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր սրբություններին ու ինքնությունը ուրանա։

Ու այդ խոսքը վարչապետը և իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ուստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք. այլ կերպ ասած՝ մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։

Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացը հղի է բացառապես նեգատիվ հետևանքներով մեր պետության տնտեսության, ներդրումային միջավայրի և էներգետիկ անվտանգության համար:

Եվ հետո, ասենք թե խլեցին՝ պարզ է չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունն իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու»։