Հայաստանի վարչապետը ՀԷՑ-ի «ազգայնացում» ասելով՝ տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը, դրանով նաև՝ սահմանադրական կարգը, գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Այն երկրում, որի վարչապետը նման հայտարարություններ է անում, ներդրումները չեն կարող աճել, իսկ կապիտալը փախնելու է։
Ներդրումներ, օրինականություն, տնտեսական կայունություն նպատակադրող երկրում սեփականության անձեռնմխելիությունը, ձեռնարկատիրական գործունեության պաշտպանվածությունը պետության ապօրինի միջամտությունից պետք է ունենա գրեթե սակրալ նշանակություն։
Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք տնտեսական կարգը խուժանապետությունն է։
Սրանք ընդամենը նորմերի մի մասն են, որոնք մեկ ֆեյսբուքյան հայտարարությամբ անխնա ոտնահարվեցին...
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 6.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հոդված 10. 1-ին մաս. 1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Հոդված 11. 1-ին մաս.
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Հոդված 60. 1-ին մաս
1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»։