Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել հանրապետությունում մշակվող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ մետաղների վերամշակումը, ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: