Foto

Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդ

Լիակատար աջակցություն ենք հայտնում մեր իրանցի եղբայրներին և քույրերին՝ հավատացած լինելով, որ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասված է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ուղերձում:


«Իրանի ժողովուրդը հազարավոր տարիների փորձառությամբ կրակի և սրի միջով է անցել՝ դիմագրավելով ամեն տեսակ փորձանքի և փորձությունների: Մենք խստորեն դատապարտում ենք սիոնիստական պետական հարձակումները»,- ասված է ուղերձում:

Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակում հունիսի 13-ի գիշերվանից։ Իսրայելն առաջինն է սկսել գործողությունը՝ պայմանավորված այն տեղեկատվությամբ, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն (ինչպես հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակը, Թեհրանն ունի բավարար ռեսուրսներ 15 միջուկային ռումբ ստեղծելու համար)։


Թեհրանի դեմ Իսրայելի գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Վերջինիս հետ զրույցում Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ։ Այս զրույցների ընթացքում նա դատապարտել է Իսրայելի գործողությունները և ցավակցություն հայտնել Իրանին։