Կիրակի Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, 32-ը՝ վիրավորվել, իսկ մի քանիսին տարել է գետի ջրի հոսանքը։ Կամուրջը փլուզվել է, երբ ավելի քան 100 զբոսաշրջիկ փորձել է «սելֆի» անել դրա վրա: Փլուզված կամուրջն անցնում էր Ինդրայանի գետի վրայով, հայտնում է news.cn կայքը:
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: 32 մարդ վիրավորվել է, որոնցից վեցը գտնվում են ծանր վիճակում։ Վիրավորները հոսպիտալացվել են», - ասել է տեղի պաշտոնյա Դևենդրա Ֆադնավիսը։
Կունդմալան հայտնի զբոսաշրջային վայր է, որը մուսսոնների ժամանակ մեծ բազմություն է գրավում։ Պաշտոնյաների խոսքով՝ միջադեպի ժամանակ կամրջի վրա տասնյակ մարդիկ են եղել, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել։ Ականատեսները հայտնել են, որ մարդիկ ընկել են վարարած գետը, իսկ ոմանց քշել է ուժեղ հոսանքը։