ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 1058-ը փոխանցվել է 2023 թվականից: 869 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս, որից 98-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող: ՔԿ հաղորդմամբ, այս մասին հայտնել է Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։
2024 թվականին քննված 5903 քրեական վարույթից լուծվել է 5034 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 3945-ը:
3945 քրեական վարույթից 1030-ը՝ 1069 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, 1-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 2914-ը կարճվել է, որից 2529-ը՝ ռեաբիլիտացնող, 385-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 348 վարույթ միացվել է, 168-ն ուղարկվել է այլ մարմին, 573-ը պասիվացվել է:
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 190 քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 4801 հաղորդում, որից 4375-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործությամբ պատճառված վնասի չափը կազմել է 209 մլն 704 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 192 մլն 708 հզր ՀՀ դրամը:
2024 թվականին նախաքննության փուլում գտնվող քերական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 մլն 998 հզր ՀՀ դրամ գումար:
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 14-ը՝ կարճվել, 3-ը՝ միացվել, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 54 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 23-ը՝ կարճվել, 2-ը՝ հաշվառվել որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 10-ը՝ միացվել, 18-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 21 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 1-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 14-ը՝ փոխանցվել 2025 թվականի 1-ին կիսամյակ:
Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել մարզի տարածքում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով պատշաճ և համակողմանի նախաքննություն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Արթուր Պողոսյանը հանձնարարել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ բացառել հետագայում նույն վայրում նույնաբնույթ դեպքերի շարունակական կատարումը:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններին և հանձնարարել այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին: