Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ենթակառուցվածքներին: Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Թեհրանին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին: Իրանի պետական հեռուստատեսությունը նաև հայտնել է, որ զանգվածային ավիահարվածների հետևանքով կարող են զոհված լինել նաև ԻՀՊԿ կենտրոնական շտաբի պետ Հոլամ Ալի Ռաշիդը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆարեյդուն Աբասին, հայտնի ֆիզիկոս Մեհդի Թարխանին:
Իսրայելական զինվորականները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ իրենց սկսած ռազմական օպերացիան («Առյուծների ազգ») կարող է տևել մի քանի օր: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, իսկ պաշտպանության նախարար Իսրայել Կացն ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարել, քանի որ սպասում են Իրանի պատասխան հարվածին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ նահանգները չեն մասնակցել Իրանի նկատմամբ իսրայելական հարվածներին, թեև ասել է, որ Վաշինգտոնում տեղյակ են եղել այդ մասին: