Foto

Փաշինյանը սպառնալիքն է իրականացնում՝ ինչո՞ւմ են Օհանյանին և Մինասյանին մեղադրում

Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է իր խոստմանը։ Ընդամենը նախորդ ամիս՝ մայիսի 7-ին, վարչապետն ԱԺ դահլիճում, իրեն հատուկ ոճով, հունից դուրս եկավ և անկեղծ ցույց տվեց այն, ինչն ինքն իրականում մտածում է, ինչպես խոսում է։ Տեսախցիկների առաջ, կանոնակարգված տեքստից դուրս գալիս, վարչապետը ոչ միշտ է երկրի ղեկավարին հարիր պահվածք դրսևորում։ Այդ օրը հայհոյանք հնչեցնելուց բացի նա սպառնաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սերյան Օհանյանին, մասնավորապես ասաց․ «Դու պետք է գնաս ԱԱԾ պադվալ և կգնաս»: Հաջորդ նախադասությամբ էլ Արծիկ Մինասյանին ասաց․ «Դու էլ կգնաս» և ահա, մեկ ամիս չանցած, գլխավոր դատախազը գալիս է ԱԺ՝ Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդրում հարուցելու միջնորդությամբ։

Ահա այն արդարադատությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը 2018թ-ին, և կրկնում է ամեն պատեհ և անպատեհ առիթով։ Խոստումներ միշտ կան, բայց գործողություններն այլ բանի մասին  են խոսում։ Այսօր գրեթե ոչ մեկը կասկած չունի, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ և նրանց թիվը գնալով ավելանում է։ Երբ իշխանականները թիրախավորում են արցախցիներին, նրանց նկատմամբ վարույթներ չեն հարուցվում, կալանավորվածներ չեն լինում, երբ դա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էր, նրան կալանավորեցին՝ կալանքին անհամատեղելի առողջական վիճակով, ինչի արդյունքում նա մահացավ դատարանի դահլիճում։ Երբ հարվածում են ընդդիմադիր պատգամավորները, նրանց նկատմամբ արագ վարույթներ են նախաձեռնվում, իսկ իշխանական պատգամավորների վարքը, բռնությունը համարվում է քաղաքական, կամ էլ նրանք, ի տարբերություն ընդդիմադիրների, կարող են «գործուն զղջալ»։ Սարքովի արդարադատության այս շարքը կարելի է անվերջ շարունակել՝ փողոցային խաղաղ ակցիաներ՝ ի հակադրություն Ռադիոտուն մտնելուն, մերձավորների կաշառքի վարույթներ, որոնք կոծկվում ու կարճվում են և այլն։

Եվ, եթե Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ անմեղ դեմքով փորձում է ասել, որ դրանք կոնկրետ անձանց մասին, կոնկրետ քննվող քրեական վարույթներ են, որոնց վրա ինքն ազդեցություն չունի, ապա սա այդ դեպքը չէ։ Թեև ինչպես կարող է ազդեցություն չունենալ մի մարդ, ով կոչ է անում շրջափակել դատարանները՝ իշխանության ոչ հաճո միջնորդության բավարարման համար, ինչպես կարող է ազդեցություն չունենալ մի մարդ, ում օգնականն աշխատանքի ժամին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է խմբագրում և նույն տիկնոջը նա հետագայում ուղղարկում է գլխավոր դատախազ աշխատելու։ Այս փաստերն էլ մի կողմ դնելով՝ այս անգամ հստակ քրեական վարույթ հարուցելով սպառնացել է Օհանյանին և Մինասյանին: Հիմա դա ինչպե՞ս կարող է բացատրել։

Ընդ որում Սերյան Օհանյանի նկատմամբ հարուցված վարույթը, Vesti.am-ի տեղեկություններով, վերաբերում է 2008-2016թթ, երբ նա ՀՀ Պաշտպանության նախարարն էր։

Ըստ տեղկության՝ Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարար եղած տարիներին, զավթել է պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 10.526 քմ մակերեսով հողատարածքը, և, կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում, կառուցել առանձնատուն: Բացի այդ, Օհանյանը հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող առանձնատան վերաբերյալ տեղեկությունները: Մեկ այլ դրվագով Օհանյանը ստացել է 58 միլիոն դրամ կաշառք:

Արծվիկ Մինասյանն էլ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փաստացի ապահովել է Սեյրան Օհանյանի կողմից զավթած պետական սեփականություն հանդիսացող տարածքում առանձնատան հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Խոսքը 2008-2016թթ-ի մասին է, սակայն որևէ դրվագով մինչ այժմ իշխանությունը կամ իրավապահ մարմինները, ովքեր սինքրոն զեկուցում են իրենց աշխատանքի մասին իշխանություններին, չեն հիշել, չեն խոսել այս մասին, այս դրվագներից և որևէ մեկով վարույթ չեն նախաձեռնել։ Իսկ հիմա երբ քաղաքական հրահանգն իջեցվել է, փորփրեցին գտան ինչ-որ գործեր, քանի որ վարչապետի սիրտը, հավանաբար, հիմա էլ մեղադրական վճիռներ է ուզում, ինչպես կառավարության նիսում էր հայտարարում, կամ գուցե սրանք էլ դասվեն այն քրեական-քաղաքական գործերի շորքին, որոնք տարիներ շարունակ դատարաններում են միայն նրա համար, որ հայտարարվեն, թե դրանք կան և նախկինները պատժվում են։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան