Foto

Ո՞վ կարող է բացառել, որ Յուզբաշյանը գիտեր, թե իրականում ով է Ռուբինյան Կարապետը, Ժոկոն, Քոչարյան Անդրանիկը, Միքայելյան Սասունը, Մելքոնյան Գագիկը ու էլի շատ շատերը. Միհրան Հակոբյան

Առիթ եղել է խոսելու, որ հայկական պետականության տակ ականները սկսվել են շարվել դեռևս վաղ 90-ականներից: Այս համատեքստում 1993թ.-ին Խորհրդային Հայաստանի ՊԱԿ նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանությունը և դրա չբացահայտումը մեր նորագույն պատմության ամենամութ էջերից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: 

Յուզբաշյանը միութենական երկրների միակ ՊԱԿ ղեկավարն էր, որ գեներարալ-լեյտենանտի կոչում ուներ, Յուզբաշյանը երկար տարիներ աշխատել է Արևմտյան Ուկրաինայում, Արևելյան Գերմանիայում ու Մոսկվայում (ՊԱԿ-ի գլխամասում) և խորհրդային արտաքին անլեգալ հետախուզության գլխավոր պատասխանատուներից էր ու ամենաիրազեկ սպաներից մեկը:

Պաշտոնաթող գեներալ Յուզբաշյանի սպանության վարկածները, որ պտտվել է մամուլում և խոհանոցային զրույցներում, այն էր՝ «Յուզբաշյանին սպանել է ՀՀՇ-ն, որովհետև նա շատ բան գիտեր «Ղարաբաղ կոմիտեի» մասին», «Յուզբաշյանին սպանել է ՀՅԴ-ն, որովհետև նա շատ բան գիտեր դաշնակցականների մասին», «Յուզբաշյանին սպանել է ՊԱԿ-ը (որն արդեն գոյություն չուներ), որովհետև նա շատ բան գիտեր արտասահմանում ՊԱԿ-ի հատուկ գործողությունների և գործակալական ցանցի մասին», մի խոսքով՝ մեկը մյուսից անհեթեթ ու անտրամաբանական վարկածներ, իսկական պատի տակի խոսակցություններ:

Մինչդեռ մինչ օրս չբացահայտված է մնում հույժ կարևոր մարդու սպանության դեպքը, ավելին՝ Յուզբաշյանն ու նրա սպանությունը վաղուց մոռացության են մատնված: Եվ, սա մեծ կասկածների տեղիք է տալիս, որովհետև ո՞վ կարող է բացառել, որ Յուզբաշյանը սպանվել է, քանզի նախկին պաշտոնի բերում տեղեկացված էր, թե որ երկիրը (օրինակ՝ Թուրքիան, Մեծ Բրիտանիան և այլն) ինչ գործակալական ցանց է ներդնում Հայաստանում:

Գործակալական ցանց, որը գործում է պետական ապարատում, պաշտպանության ու ֆինանսական ոլորտներում, անգամ Եկեղեցում: Ցանց, որը տարիներով քաղցկեղի պես պետք է տարածվեր և ամբողջ ուժգնությամբ հարվածեր հայկական պետականությանը 2018-ին՝ փորձելով ոչնչացնել այն, ինչ հայերի ողնաշարն է՝ պետությունը, բանակը, Արցախը, հիմա արդեն Եկեղեցին:

Ո՞վ կարող է բացառել, որ Յուզբաշյանը գիտեր, թե իրականում ով է Ռուբինյան Կարապետը, Ժոկոն, Քոչարյան Անդրանիկը, Միքայելյան Սասունը, Մելքոնյան Գագիկը ու էլի շատ շատերը, որոնք տարիներ անց (մի մասն իրենց զավակներով) պետք է հայկական պետականությունն ու ինքնությունը մատաղ անեին թուրքերին և ադրբեջանցիներին՝ Նիկոլի գլխավորությամբ:

Ոչ մեկը սա չի կարող բացառել, ոչ մեկը, որովհետև հարցը բաց է՝ ով և ինչու 1993-ի հուլիսի 21-ի առավոտյան Կոմիտասի անվան պանթեոնում մարզանք անելուց սպանեց ԽՍՀՄ և Խորհրդային Հայաստանի հետախուզության ու հակահետախուզության ոլորտում ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ գեներալ-լեյտենանտ Մարիուս Արամի Յուզբաշյանին: