Foto

Մայր Հայաստանը միակն է, որ իշխանությանը ստիպում է հաշվի նստել քաղաքացու դժգոհության հետ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական օրակարգից դուրս են մղվել սոցիալական և տնտեսական խնդիրների քննարկումները։ Ամեն ինչ պտտվում է անվտանգային հարցերի շուրջ, և, եթե անկեղծ լինենք, ապա այդ խոսակցությունները մարդկանց արդեն հոգնեցրել են։ Ամեն օր օրվա հացի համար պայքարող քաղաքացին ժամանակ և էներգիա չունի մտածելու անվտանգային կամ աշխարհաքաղաքական հարցերի մասին։

Քաղաքական ուժերն էլ չեն կարողացել գտնել ոսկե միջինը, որտեղ սուր քաղաքական թեմաների կողքին կքննարկեն և կպահեն ուշադրության կենտրոնում սոցիալ-տնտեսական խնդիրները։

Հայաստանի քաղաքական դաշտում այս հավասարակշռությունը 2023 թվականից պահպանում է «Մայր Հայաստան» շարժումը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Շարժումը քաղաքական պայքարի մեջ մտավ, երբ Արցախը շրջափակման մեջ էր, և բնական էր, որ քննարկումների առանցքում հենց Արցախն էր։ Սակայն Երևանի ավագանու ընտրություններում պատկառելի ներկայություն ունենալուց հետո, շարժումը ակտիվորեն ներգրավվեց նաև քաղաքացիների սոցիալական խնդիրների բարձրաձայնման գործում։

«Մայր Հայաստանը» փողոցում էր, երբ իշխանությունները որոշեցին եռակի անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի սակագինը։ Շարժումը դատական հայցեր ներկայացրեց քաղաքային իշխանությունների դեմ այն ժամանակ, երբ վերջիններս 13 անգամ թանկացրին կայանատեղիների վճարը։

Այսօր՝ «Մայր Հայաստանի» ջանքերով, տրանսպորտի սակագնի բոյկոտը շարունակվում է, և քաղաքացիները չեն վճարում թանկացված տրանսպորտի համար։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ քաղաքային իշխանությունները ստիպված եղան ընդունել իրենց տապալումը՝ հայտարարելով, որ քաղաքացիների բոյկոտի պատճառով չեն կարող հավաքագրել նախատեսված միջոցները, ուստի խոստացված տրոլեյբուսները չեն կարող ներկրվել։

Սա վստահաբար մեծացնելու է քաղաքացիների դժգոհությունը, ինչը կհանգեցնի բոյկոտի ծավալների ընդլայնմանը։ Վերջապես, իշխանությունները ստիպված կլինեն ընդունել «Մայր Հայաստանի» օրակարգը՝ քաղաքային տրանսպորտի սակագնի 100 դրամի պահպանում և եղած միջոցներով համակարգի թարմացում։

Կայանատեղիների հարցում ևս քաղաքային իշխանությունները տապալվեցին։ Նրանք դատարանում պարտվեցին «Մայր Հայաստան» շարժմանը, և այսօր քաղաքացիները կարող են ընդհանրապես չվճարել կայանատեղիների համար՝ քաղաքային իշխանությունների ապօրինությունների դեպքում պաշտպանվելով դատական կարգով։ «Մայր Հայաստանը» ցույց տվեց, որ դա լիովին իրատեսական է։

«Մայր Հայաստանի» գործունեությունը, մեր կարծիքով, լավագույնս ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի իրական օրակարգ ունեցող քաղաքական միավորը։ Քաղաքական, անվտանգային և սոցիալական խնդիրների բարձրաձայնումը պետք է չբացառի մեկը մյուսին։ Հանրությունն իրավունք ունի իր բոլոր հարցերի պատասխանները ստանալ քաղաքական ուժերից։