Ղրղզստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Օշում, ապամոնտաժել են Վլադիմիր Լենինի արձանը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են տեղի բնակիչները։
Ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են հունիսի 7-ի գիշերը։ Օշի իշխանությունները դեռ չեն հստակեցրել՝ նախատեսվու՞մ է արձանը տեղադրել այլ վայրում, թե՞ այն ամբողջությամբ հեռացվում է։
Հուշարձանը կանգնած էր քաղաքի կենտրոնում՝ Սիրո զբոսայգու և Տոկտոգուլ Սաթիլգանովի անվան այգու հարևանությամբ։ Ըստ բաց աղբյուրների՝ դրա բարձրությունը կազմել է մոտ 25 մետր, ինչը այն դարձնում է Լենինի ամենաբարձր արձաններից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։
Սրանից առաջ Ֆինլանդիայում Վլադիմիր Լենինի վերջին արձանը, որի հեղինակը էստոնացի քանդակագործ Մատի Վարիկն է, ապամոնտաժվել էր Կոտկա քաղաքում և ուղարկվել Կյումենլաակսոյի մարզային թանգարանի պահոց, որտեղ կորոշվի դրա հետագա ճակատագիրը։ Կոտկայի քաղաքային խորհուրդը հուշարձանը հեռացնելու որոշում էր կայացրել 2022 թվականի ամռանը։ Հայտնի է, որ այն մի քանի անգամ ենթարկվել է վանդալիզմի։