ԶՈւ Գլխավոր շտաբի պետն անդրադառնալով սահմանագծին առկա իրադրությանն ու այդ համատեքստում ադրբեջանական կրակահերթերին ասել է, թե «այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային և թիրախային չեն», ապա ավելացնում, որ այն դեպքերում, երբ թիրախային է` պաշտոնական հաղորդագրություն է տրվում:
Միևնույն մտքում երկու հակասական ձևակերպում: Եթե ՊՆ-ն որոշակի պարբերականության տեղեկատվություն է տալիս մարդկանց տների կամ նրանց պատկանող անասունների թիրախավորման մասին, ապա ստացվում է, որ Ադրբեջանը կոնկրետ նպատակ ունի և թիրախավորված կրակ է վարում: Չեմ հասկանում խուճուճ, վախվորած, իրարամերժ նախադասությունների արտաբերման իմաստը:
ԳՇ պետը կարծում է, որ կրակոցների նպատակը մեր զինվորների և սահմանամերձ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար են, սակայն ավելացնում թե` «բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում»:
Այսինքն` թշնամիդ հասարակության նկատմամբ ահաբեկչությանը հատուկ գործողություն է մղում, ինչը պաշտոնապես հաստատում են, սակայն ԳՇ պետը հպարտորեն ավելացնում է, որ դրա վրա իշխանությունը ուշադրություն չի դարձնում:
Ստացվում է, որ Ադրբեջանի` Հայաստանին առաջադրված սադրանքներն ու դրա ազդեցությունը հասարակության վրա հաստատում են, սակայն խոստովանում են, որ իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում:
ԳՇ պետը հղում անելով գործող կառավարչին պնդել է, որ «ՀՀ վարչապետը բավականին հիմքեր ունի ասելու, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։
Հուսով եմ, որ ԳՇ պետը զուտ գլխավոր կառավարչին չհակադրվելու և պաշտոնին հրաժեշտ չտալու համար է նման պնդում անում, իսկ մտքում և իր ամենօրյա աշխատանքում առաջնորդվում այն սկզբունքով, որ հենց վաղը կարող է պատերազմ սկսել: