Foto

«Շատ անսպասելի նամակ ստացա». «Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը

«Новая Волна 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, դերասան Սուրեն Պողոսյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը մանրամասնել է, թե ինչպես է տեղի ունեցել ընտրությունն ու ինչպես է նախապատրաստվում մրցույթին:

«Մայիսի 28-29 Մոսկվայում Նոր Ալիքի կիսաեզրափակիչն էր, պետք է ընտրվեր Հայաստանի պատվիրակը: Մի քանի տասնյակ մասնակիցներից 2 երգիչներով էինք մնացել մրցակցության մեջ ես և Լուսինե Արությունովան: Մայիսի 29 ին վերջնական ընտրվեցի հենց ես»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պողոսյանը:

Նա նշեց, որ մասնակցության հայտն ուղարկելուց հետո շատ երկար ժամանակ էր անցել, նույնիսկ մոռացել էր մրցույթի մասին:

«Շատ անսպասելի նամակ ստացա, որ նախնական 3 փուլերն անցել եմ և հրավիրվում եմ վերջնական փուլին` կիսաեզրափակիչին:

Ես իհարկե հավատում էի իմ ուժերին և արեցի առավելագույնը, բայց կլինեմ անկեղծ` չէի սպասում, որ ամեն ինչ կհաջողվի ինչպես պլանավորված էր: Շատ անսպասելի էր հաղթանակը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Սուրեն Պողոսյանն անկեղծացավ, եթե մինչ այս անհատական պայքար էր Հայաստանի ներկայացուցիչը դառնալու համար, հիմա արդեն ամեն բան շատ ավելի պատասխանատու է:

«Հիմա արդեն ներկայացնելու եմ ոչ միայն ինձ, այլ մի ամբողջ պետություն, ազգ, մշակույթ: Լարված աշխատում եմ Հայաստան վերադարձիս հենց առաջին օրվանից: Երգերի ընտրության փուլում ենք, գուցե նաև նոր երգեր գրվեն հենց մրցույթի համար»,- ամփոփեց Սուրեն Պողոսյանը: