Հիմք ընդունելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք է հայտնում, որ 2015թ. Հայաստանը տնտեսական աճ ապահովելու և արտահանման ծավալների մեծացմանը միտված մի շարք ծրագրեր է իրականացրել:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսական դժվարությունները կապվում էին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության և ՌԴ-ի դժվարությունների հետ: Մանասերյանի խոսքով՝ 2015-ին չարդարացված սպասելիքները պետք է իրականացնել 2016-ին:
-Առաջինը պետք է սկսենք արտաքին միջավայրից` այն երկրներից, որտեղ արժույթների գերարժեզրկում է եղել, հումք ներկրել և Հայաստանում վերամշակող արտադրություն կազմակերպել` ապահովելով պետության աջակցությունը՝ արտադրանքն ուղղելով ԵՄ երկրներ և ԱՄՆ – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տնտեսագետը:
Ըստ նրա՝ Հայաստանը մի քանի ոլորտ ունի, որոնցով կարող է ներկայանալ ԵԱՏՄ երկրների շուկաներին:
-Ինովացիոն տեխնոլոգիաների լավ շուկա կա ԵԱՏՄ երկրներում: Այդ երկրներում մեզ նայում են, որպես աջակցություն ակնկալող երկիր, բայց մենք մեր ներուժն ունենք և կարող ենք այն մատուցել, -նշել է Մանասերյանը՝ հավելելով, որ Առողջապահության ոլորտում ևս հաջողություններ ունենք, որոնք կարելի է ներկայացնել: Ըստ նրա՝ դա կարող է Հայաստանը տարածաշրջանում գիտակրթական կենտրոն դարձնել:
Vesti.am