Foto

Օրվա ո՞ր ժամին ԵՊՀ ռեկտորը կդառնա աստվածաբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան՝ լաբորատորիայի բացմանը մասնակցելու։ Նախատեսված է նաև հանդիպում ուսանողների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ուսանողներին պարտադրել են  նախապես հարցերն ուղարկել, որպեսզի համաձայնեցվեն, ինչպես նաև հարցեր են բաժանել, որ հնչեցնեն հանդիպմանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ լուրերը, նա նշեց, որ ուսանողներն ազատ են, իրենց հետաքրքրող բոլոր հարցերը կարող են տալ։

Հովհաննես Հովհաննիսյանն ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը։ Լրագրողները փորձեցին ստանալ նրա մեկնաբանությունը Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հասցեին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։

«Այդ հարցերին ես չեմ պատասխանելու, որովհետև այսօր այլ առիթով ենք այստեղ։ Ես այստեղ որպես աստվածաբան չեմ։ Ես իրավունք ունեմ չպատասխանելու, չեմ պատասխանում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մասնագետը մի պահ դադարում է իր մասնագիտության կրողը լինել։ Օրինակ կա՞ն օրվա ժամեր, որ Հովհաննիսյանն աստվածաբան է և ԵՊՀ ռեկտորնը չէ։ Կամ գուցե վարչապետը, ՖԲ մտնելիս, վարչապետ չէ, դրա համար է անպարկեշտ արտահայտություններ անում և թիմակիցներին էլ ավելի անհարմար դրության մեջ է դնում։

Փաշինյանի ենթակաները գիտե՞ն, որ իրենք օրվա ինչ-որ ժամեր կամ ամսվա օրեր, օրինակ՝ շաբաթ-կիրակի, Փաշինյանի ենթական չեն և կարող են ազատ ասել, որ հայհոյանքն անընդունելի է, որ անպարկեշտ է, երբ երկրի ղեկավարը հայհոյում է պաշտոնական էջով կամ ընդհանրապես։ Այդ մարդը մի կառավարության նիստում հայտարարում էր, որ չգիտի, թե որտեղից է գալիս փոքր երեխաներին հայհոյանք սովորեցնելը։ Այ այսպես՝ դա խրախուսելով և չդատապարտելով է ստացվում, հատկապես, երբ տան կանայք են խրախուսում՝ ճիշտ այնպես, ինչպես Աննա Հակոբյանն արեց։

Օրվա ո՞ր ժամին կամ ամսվա ո՞ր օրերն են, որ նիկոլականները հպատակված չեն և կարող են խոսել ազատ։ Օրինակ, ե՞րբ ԵՊՀ ռեկտորը կդառնա  աստվածաբան, ո՞ր ժամին կարելի է այդ հարցերն ուղղել իրեն։ Գուցե Հովհաննես Հովհաննիսյանի համար նման ժամեր կան, որ Աստծո տունը հարգի, նրան անարգողի ձեռքը չսեղմի, հրավերներ չանի, բայց իրական հոգևորականների համար նման օրեր ու ժամեր չկան։ Իրական քրիստոնյա ժողովուրդը, հոգևորականները պատրաստ են արժապատվությունը պաշտպանել՝ խոսել և դեմ առ դեմ կռիվ տալ՝ անկախ նրանից, թե իրենց աշխատանքից կազատե՞ն թե՞ ոչ։ Արժեքներ և սկզբունքներ ունենալու համար ժամեր, օրեր և վայրեր չեն լինում։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան