Foto

Որտե՞ղ են թաքնված քաղաքացիական պատերազմի արմատները․ «Աստծուց վախեցե՛ք»

«Հիմա, որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»։

Այս տողերը կրկին Նիկոլ Փաշինյանի էջից են,  որոնք թերևս այս անգամ քաղաքացիների մոտ տարակուսանք չեն առաջացնի՝ արտահայտությունը վարչապետն է գրել՝ էջը չեն կոտրել, սխալ չեն հասկացել։ Այս արտահայտությունն էլի ուղղված է եկեղեցու դեմ։

Փաշինյանի նախորդ հայհոյախառը գրառումն իրապես մեծ արձագանք ստացավ, բայց ոչ թե նրա հետ համաձայնելու կամ չհամաձայնելու խնդիր կար, այլ՝ քաղաքացիներն իրապես զարմացան, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է հատել նաև այդ կարմիր գիծը։ Հատկապես, որ հայհոյանքն ուղղված էր հոգևոր կենտրոնին՝ Հայ առաքելական եկեղեցուն, որին, ի դեպ, Փաշինյանը, հայհոյանքից երկու օր առաջ, համարում էր «չուլանաոց», որտեղից էլ սկսվեցին եկեղեցականների, բարձրաստիճան հոգևորականների արձագանքները։  

Հայհոյանքից քիչ էին տարբերվում նաև Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ամուսնուն պաշտպանող  գրառումները։

Խնդիրն այն է, որ Փաշինյանների զույգը, հասարակության տարակուսած, ապշահար և քննադատող վերաբերմունքին ի պատասխան, ոչ թե ներողություն է խնդրում իր գրառման համար, այլ՝ հատելով թույլատրելիի և նույնիսկ անթույլատրելիի սահմանը, կրկնում է իր հայհոյանքը՝ արդեն նոր գրառմամբ։ Ո՛չ, հարգելի քաղաքացիները վարչապետի էջը չեն կոտրել, ինքն այդ պահին սթափ է եղել, հավանաբար նաև քաղաքացիերի վկայակոչած դեղորայքն է ընդունած եղել, այսօր էլ վերահաստատում է դա։ Այո՛ նրա գրառումը կարդում են միջազգային կառույցները, դիվանագիտական ներկայացուցչությունները, այլ երկրների ղեկավարներ, որոնց թվում են նաև թշնամի պետությունները։

Ի՞նչ է հրահրում նա՝ այս բառապաշարով և սահմաններ հատելով։ Եկեղեցին առաջին անգամ պաշտպանության կարիք ունի սեփական երկրի իշխանությունից։ Դարեր ի վեր եկեղեցականները պաշտպանվել են թշնամիներից՝ քաղաքացիները և զինվորականները եկեղեցականների համար վահան են եղել, որ հայի աղոթքն ապրի։ Հիմա հոգևորականները պաշտպանության կարիք ունեն իրենց երկրում։ Եվ ի՞նչ է կարծում իշխանությունը՝ քաղաքացին չի պաշտպանելո՞ւ եկեղեցուն և հոգևոր հայրերին իրենցից։ Այո՛, պաշտպանելու է, իրական հայը չի կարող նայել, թե ինչպես են ստորացնում որևէ հոգևորականի։

Սա կարող է դառնալ քաղաքացիական բախումների պատճառ։ Հայի բոլոր արժեքների վրայով քայլելով՝ իշխանության պահպանումը հաջողվել է, բայց Աստծո տաճարը քանդել՝ նույնիսկ Սատանային չի հաջողվել։ Վարչապետը մի քանի օր է մեջբերումներ է անում տարբեր կտակարաններից և սաղմոսներից, բայց սա երևի դեռ չի հասցրել ընթերցել և արտատպել ֆեյսբուքյան իր էջում։

«Այո, դու կարող ես փորձությունների միջով անցնել, անգամ հալածանքի, սակայն եթե դու Նրա աշակերտն ես, ապա Տեր Հիսուսը քեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը լինելու անխախտ խոստում է տվել (տե՛ս Մատթեոս 28․20 խոսքը):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբեք չվախենա՛ս: Նեղությունները չեն կարող քեզ բաժանել Նրա սիրուց: Ընդհակառակը, դրանք մոտեցնելու են քեզ Նրա սիրուն»։

Իմաստությունն ասում է․ «Աստծուց վախեցե՛ք»։

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան