Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի ( չգիտեմ էլ, որի անունը առաջինը գրեմ, որ չնեղացնեմ) պահվածքը։ Այս մասին գրել է Հովիկ Աղազարյանը.
«Էդգար Ղազարյանը գրառում է արել այն մասին, որ 2025թ. մայիսի 30ի դրությամբ Ազգային Ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործնթաց, ընդ որում, ընդդիմադիր բառը վերցրել է չակերտների մեջ, ինչը կոնկրետ իմաստ է կրում։
Հիշեցնենք, որ պարոնայք Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը (այս անգամ էլ թող այս հաջորդականությունը լինի) հայտնի նախաձեռնության շրջանակներում գրավոր դիմել էին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Այն բանից հետո երբ ընդդիմադիր «Պատիվ ունեմ » և « Հայաստան» դաշինքներ հայտարարեցին,որ իրենք չունեն Վարչապետի թեկնածու և պատրաստ են աջակցելու որևէ նախաձեռնության, այդ 107 պատգամավորներից երկուսը` Հակոբ Ասլանյանը և ես հանդես եկանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեցինք Էդմոն Մարուքյանին։ Հարց է առաջանում. ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմփինջմենտի նախաձեռնության հեղինակները` մի կողմից «ոչնչացնելով » ընդդիմությանը, մյուս կողմից, ըստ էության, չնկատելով իրենց դիմումներին անսացած երկու պատգամավորների նախաձեռնությունը և ամենօրյա ռեժիմով անհագ ցանկություն ցուցաբերելով ու մարտնչող պատրաստակամություն հայտնելով հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորներին»։