Foto

Ուրանալ զոհերին, հայերնի հողը և առջտուր անել․ իշխանության հաջորդ առաջարկը

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուց անմիջապես հետո երկու երկրների քաղաքացիները կսկսեն համագործակցել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ընդգծել է, որ խաղաղությունից հետո ժողովուրդների միջև առևտրային հարաբերությունները անխուսափելի են։ «Պայմանագրից հինգ րոպե անց մարդիկ կսկսեն իրար հետ առևտուր անել»,- ասաց նա։

Նա պնդել է, թե  նույնիսկ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ տեղի են ունեցել որոշ տնտեսական կապեր՝ նշելով, որ արցախցիների ու ադրբեջանցիների միջև եղել են ապրանքային փոխանակումներ, օրինակ՝ կոնյակի վաճառք։ «Մի ապրեք հեքիաթների մեջ, թե առևտուր չի լինելու կամ պատեր են կառուցվելու»,- հավելել է Սիմոնյանը։

Իսկ արդյո՞ք ավելի շատ հեքիաթի մեջ ապրել չէ այն միտքը, որ այդպես կոչված խաղաղության պայամանգիր առհասարակ կնքվելու է։ Պարզապես առողջ տրամաբանությամբ դա Ադրբեջանի ինչի՞ն է պետք։ Ինչո՞ւ պետք է Ալիևն ինչ-որ պայամագիր կնքի, թեկուզ ձևական պարտավորություններ վերցնի, եթե նա ինչ ցանկանում է՝ առանց այդ պայմանագրի էլ ՀՀ իշխանությունն անում է՝ ուզում է՝ տարածքներ է օկուպացնում, ուզում է՝ նույն տարածքներից կրակում է հայկական գյուղերի վրա, իսկ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ կրակոցներն իրենց չի ուղղված։ Ցանկանում է այսպես կոչված սահմանզատումը սկսել Տավուշից, այդպես էլ անում է։ Առանց կանոնակարգի վավերացման տարածքներ են հանձնվում իրեն և այլն։ Ասում է՝ փոխեք Սահամադրությունը, օրհներգը, զինանշանը, արագ փոփոխման նախագծեր են կազմվում։ Ասում է՝ հրաժարվեք Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, ԵՄ դիտորդներին հեռացրեք, մոռացեք գերվարվածների մասին, այդպես էլ արվում է։ Այդ դեպքում գեթ մեկ պատճառ չկա՝ պայմանագիր կնքելու։

Իսկ եթե նույնիսկ այդ ձևական փաստաթուղթը ստացվի ահռելի զիջումների դիմաց ստանալ, ապա այդ առևտուրն ինչպե՞ս է ԱԺ նախագահը պատկերացնում 5000 զոհի և 10 000 վիրավորի պատճառ դարձած պետության հետ։ Ովքե՞ր են ադրբեջանցուց գնումներ կատարողները լինելու։ Ի դեպ, եթե նույնիսկ Արցխում ինչ-որ գնումներ 5-10 անհատի մակարդակով եղել է, ապա այդ ժամանակ արցախցին հաղթող կողմում էր և ոչ թե մուրացողի։ Հայտնի չէ, թե արցախաադրբեջանական առևտրի մասին Սիմոնյանի տեղեկությունները որտեղից են, բայց դրան էական հակակշռող փաստ կա՝ ինն ամիս շրջափակման մեջ, սովի մատնված Արցախում ոչ մեկ ադրբեջանցու ձեռքից իր սոված երեխայի համար հաց չվերցրեց։ Ադրբեջանցու հետ Արցախում չապրեցին՝ նույնիսկ իրենց զավակների շիրիմ այցելելու համար։  Հիմա այս իշխանությունը, որը պատրաստ է թշնամու հետ ձեռք սեղմել, մուրացկանի կարգավիճակի, մտածում է, որ հայի արժանապատիվ տեսակը կարող է մի քանի գրոշի համար ադրբեջանցիների հետ առևտուր անե՞լ։ Ի դեպ՝ 16,1 տոկոս աննախադեպ անկում ապրող արդյունաբերություն ապահովող իշխանությունն ի՞նչ է պատրաստվում վաճառել Ադրբեջանին, թե՞ հաջորդ պահանջ այն է, որ ադրբեջանական ապրանքները պետք է իրացվեն հայկական շուկայում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան