Foto

Դատախազի նշած տեմպերով գնալու դեպքում, իմ պաշտպանյալ Արամ Ազատյանը պետք է հավերժական կալանքի տակ մնա. փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ շարունակվեց Արաբկիր վարչական շրջանի  ղեկավար Արամ Ազատյանի և համայնքապետարանի մյուս անդամների գործով արդեն 10 ամիս ընթացող հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի   չորս պաշտոնատար անձի: 13 մեղադրյալներից միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է  կալանքի տակ։ Նշենք, որ որոշ մեղադրյալների քրգործերը որակվում են «միջին ծանրության», և նրանց փաստաբանները միջնորդեցին, որպեսզի քրեական օրենսգրքով նախատեսված կարգով իրենց պաշտպանյալները չմասնակցեն դատական նիստերին: Նրանք ներկա կգտնվեն միայն այն նիստերին, որոնց դատարանը անհրաժեշտ կհամարի: Մասնավորապես՝ նրանց հարցաքննության, կամ կոնկրետ նրանց առնչվող ապացույցների քննության դեպքում:

Արամ Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանը ՉԻ հետ զրույցում ասաց, որ ինքը միջնորդել է, որպեսզի իր պաշտպանյալ Արամ Ազատյանի և մասնավորապես մեկ դրվագով երկու այլ մեղադրյալների վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվի, քրեական գործը կարճվի, քանի որ նախաքննական մարմինը բաց է թողել օրենքով սահմանված գործերի քննության ժամկետը: Պիվազյանը նշեց. «Հսկող դատախազը վերադաս դատախազին քննության ժամկետները երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել և սահմանված ժամկետներում գործը հետ չի ուղարկել դատարան: Ինչ վերաբերում է այս նիստին, պետք է ասեմ, որ դատախազը այդ հանգամաքով պայմանավորված միջնորդում էր, որպեսզի կալանքի ու տնային կալանքի մեջ գտնվող անձանց գործը, իր խոսքերով՝ քննվի դրվագներով, ինչը նշանակում է, որ կոնկրետ իմ պաշտպանյալ Արամ Ազատյանը պետք է հավերժական կալանքի տակ լինի, քանի որ կոնկրետ հինգերորդ դրվագը վերաբերում է իրեն, ու պարզ չէ, թե վկաներին դատարանը երբ կծանուցի, երբ կհացաքննվեն, որքան ժամանակում, որպեսզի դրանից հետո միայն միջնորդություն անենք, և խափանման միջոցը փոխվի: Սակայն ի պատիվ դատարանի պետք է նշեմ, որ դատարանը որոշեց հետազոտությունը սկսել հենց վկաների հարցաքննությամբ: Այս պահին դա ճիշտ որոշում էր»:

Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին, Պիվազյանը նշեց, որ քննությունը դեռ բավական երկար կտևի. «Բավականին շատ վկաներ կան, 39 հատոր գործ պետք է ուսումնասիրել»: Արամ Ազատյանին կրկին կալանավորելու և անազատության մեջ պահելու որոշումը փաստաբանն անընդունելի է համարում՝ նշելով, որ պաշտպանական կողմը նախորդ որոշման հետ կապված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ցավով պետք է նշեմ, որ երեկ ստացել եմ վերաքննիչ դատարանի որոշումը, որտեղ նշվում է, որ իմ պաշտպանյալի հետ կապված ձևակերպումներն ընդունելի են: Մասնավորապես Արամ Ազատյանին կարելի է կալանքի տակ պահել այնքան, որքան դատական նիստերն ընթանում ե՞ն: Դատարանը գտնում է, որ Արամ Ազատյանը կարող է ազդել վկաների վրա, և կարող է խոչընդոտել քրեական գործի ընթացքը, քանի որ տեղեկացվել է քրեական գործի նյութերին: Դա աղաղակող խախտում է, քանի որ ըստ էության խախտվում է պաշտպանության հավասարության սկզբունքը: Ի՞նչ է նշանակում դա՝ մեղադրյալն ու փաստաբանը գործի նյութերին պետք է չծանոթանային, որպեսզի կալանքի հիմք չստեղծվեր».-ասաց Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանը:

Արաբկիր վարչական շրջանի 13-ի գործով նիստը կշարունակվի մայիսի 23-ին: