«Եվրատեսիլի» հեռարձակման ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին՝ Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։
«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի Kan 11 հեռուստաընկերության հաղորդավարը։
Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով այդ «անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական» արտահայտությունը»։
«Ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում։
Շարժումը հայտնել է, որ դիմում է Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային՝ հրապարակայնորեն հերքելու արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրելու Երուսաղեմի հայ համայնքից։