Գագաթնաժողովի հիմնական քաղաքական արդյունքն է դարձել «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը, որն ամրագրել է կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված քաղաքական հանձնառություններն ու առաջնահերթությունները։
Հռչակագրում վերահաստատվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման հանձնառությունը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության տեսլականին։ Ընդգծվել է նաև գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման կարևորությունը՝ առկա բացերը բացահայտելու, հաշվետվողականությունն ամրապնդելու և հետագա գործողություններն արագացնելու տեսանկյունից։
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի շրջանակներում ապահովել արդյունքահեն որոշումներ և Երևանում նախանշել գլոբալ շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման հստակ ուղիներ՝ գագաթնաժողովի քաղաքական ուղերձներն արտացոլելով համաժողովի արդյունքներում։
Առանձնահատուկ կարևորվել են կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացումը, զարգացող երկրների կարողությունների ամրապնդումը և գիտատեխնիկական համագործակցության խորացումը։ Շեշտադրվել են նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի արդյունավետ մասնակցության ապահովումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը։









