Հնդկաստանը պատրաստվում է իր տեղական արտադրության Akash-1S հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակը Հայաստան մատակարարել 2025 թվականի հուլիսից հետո՝ պահպանելով 2024 թվականի նոյեմբերին առաջին մարտկոցի հաջող առաքումից հետո համաձայնեցված ժամանակացույցը: Այս մասին գրում է IADN-ը։
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանը «Akash» ԶՀՀ-ների առաջին մարտկոցն է ուղարկում Հայաստան։
Նշվում է, որ այս ամենը 2022 թվականին Հայաստանի հետ շուրջ 710 միլիոն դոլար արժողությամբ Akash տեսակի 15 համակարգերի գնման վերաբերյալ գործարքի մաս է կազմում և ամրապնդում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
Bharat Electronics Limited-ի և Bharat Dynamic Limited-ի կողմից արտադրվող Akash համակարգի յուրաքանչյուր մարտկոց ներառում է չորս արձակիչ, երեք հրթիռ և մեկ 3D ռադար՝ էլեկտրոնային սքանավորմամբ։ Նշվում է, որ այն բարձրացնում է Հայաստանի ՀՕՊ կարողությունները տարածաշրջանային սպառնալիքների, հատկապես, կործանիչների ու ԱԹՍ-ների դեմ։ Akash-ը երկիր-օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և օդ-երկիր դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ՝ մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։