Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցված նոր հարվածների մասին, որոնց հետևանքով երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 12-ի գիշերը ռուսական ուժերը երկրի վրա են արձակել 108 հարվածային անօդաչու թռչող սարք։
Հարվածների արդյունքում տուժել են Օդեսայի, Դոնեցկի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերը։
Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Սումիի իշխանություններին, հաղորդում է, որ մարզում ռուսական հարվածներից 1 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։
Օդեսայի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 1 մարդ, վնասվել են տներ, վարչական շենք, հրշեջ բաժանմունք։
Զապորոժիեի մարզում, ըստ BBC-ի ռուսական ծառայության, ռուսական գնդակոծությունների հետևանքով մայիսի 11-ին վիրավորվել է 2 բնակչուհի։ Մայիսի 11-ին ևս 2 մարդ վիրավորվել է Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով։
Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի գնդակոծության հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 4 մարդ, ևս 2 մարդ՝ վիրավորվել։
Նշվում է նաև, որ վերջին 24 ժամում ուկրաինական ուժերը 79 ԱԹՍ-ով հարվածել են Բելգորոդի մարզին, ինչպես նաև մարզի ուղղությամբ են արձակել 110 զինամթերք։ Գիշերվա հարվածների հետևանքով Գրայվորոն քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Կրասնոյարուժսկի շրջանում երկու մարդ վիրավորվել է մեքենաների վրա ԱԹՍ-ների հարձակումներից։
Իսկ Կուրսկի մարզում մայիսի 11-ին 3 մարդ է վիրավորվել հրթիռային հարվածից, վնասվել են հյուրանոց, երկու մասնավոր տուն, մեքենաներ։