Foto

«Ես մեծացել եմ՝ որպես ուրախ ու արտիստիկ երեխա, բայց բազմիցս բուլինգի եմ ենթարկվել»․ Պարգն անկեղծացել է իր եվրատեսիլյան երգի մասին


«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը հետեւորդների հետ կիսվել է իր մրցութային Survivor երգի իրական հաղորդագրությամբ։ Երգիչը տեսանյութ է տեղադրել, որում պատմել է փոքր տարիքում երգով զբաղվելու համար բուլինգի ենթարկվելու, եւ իր երազանքին հավատարիմ մնալով՝ հաջողության հասնելու մասին։ 

«Ես չեմ խոսել այս մասին, բայց այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ Survivor երգի հիմքում ընկած իրական իմաստով։ Ինձ համար սա, պարզապես, երգ չէ, այն հիշեցում է, որ պետք է հավատարիմ մնաս քո էությանը, որ անես այն, ինչ ցանկանում ես եւ զգում ես, եւ այնպես անես, ինչպես զգում ես՝ անգամ, երբ մարդիկ ասում են, թե պետք է այդպես չանես»,-ասում է Պարգը,-«Ես մեծացել եմ՝ որպես ուրախ ու արտիստիկ երեխա, բայց բազմիցս բուլինգի եմ ենթարկվել մյուս երեխաների կողմից՝ տարբեր լինելու համար։ Ես հաճախ էի լսում, թե «երգելը տղաների համար չէ», «տղամարդու պես քեզ պահիր»․․․ Բայց եթե լսեի նրանց, չէի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ ու այսօր չէի ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում»,-հավելել է նա։

Երգիչը մեջբերել է նաեւ իր երգի հայտնի տողերը՝ «Երբեք մի մոռացիր, թե ով ես դու»։  «Քանի որ, եթե հայկական փոքրիկ գյուղից մի տղա կարողացել է դա անել, ուրեմն կարող ես նաեւ դու»։

Տեսանյութին կից Պարգը գրել է․ «Նրանք փորձել են կոտրել ինձ, բայց ես չեմ կանգնել. մանկական բուլինգը մի բան է, որի հետ ես վստահ եմ, որ շատերը կարող են առնչվել, եւ դրա ազդեցությունը կարող է կործանարար լինել:

Այժմ ես կանգնած եմ «Եվրատեսիլ»-ի բեմում՝ ոչ միայն որպես այդ ամենին դիմակայած մարդ, այլեւ որպես ապացույց, որ տոկունությունը հաղթում է: Սա բոլորի համար է, ում երբեւէ ասել են, որ չեն կարող ինչ-որ բանի հասնել»:

«Դու այնքան ոգեշնչող ես։ Դու ինձ ուժ ու քաջություն ես տալիս», «Դու սիրված ես ու գնահատված, երբեք մի մոռացիր դա։ Սեր ու աջակցություն՝ Իսպանիայից», «Դու պետք է հպարտանաս ինքդ քեզանով․ Առաջ Հայաստան»՝ սրանք այն բազմաթիվ մեկնաբանություններից մի քանիսն են, որոնք արված են Պարգի հրապարակման ներքո։