Foto

«Ոհմակով մարդ ծեծելը ոչ մի կանոնով ընդունելի չէ, բայց սա է այսօրվա իշխանության դեմքը»․ Բագրատ Սրբազանը զորակցություն հայտնեց Արթուր Չախոյանին


Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի («Հանրապետություն» կուսակցությունից) անմիջական մասնակցությամբ բռնություն կիրառելու դեպքին։ Հիշեցնենք, որ  ակտիվիստ Արթուր Չախոյանն ու  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնել էին կոռուպցիայի, պետական միջոցների ակնհայտ մսխման մասին, հենց այս փատերի արձանագրմանն էլ հաջորդել էր Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Չախոյանի նկատմամբ բռնության կիրառումը։

«Հանրային գործչին, ինքն իրեն պատասխանատվություն տված և այդ պատասխանատվության հետից գնացող սկզբունքային մարդուն՝ Արթուր Չախոյանին դաժան ծեծի ենթարկեցին Նոր Նորքի թաղապետարանում՝ շրջանի վարչական ղեկավարը և նրա ամբողջ խուլիգանական խմբակը։ Արթուրը գտնվում է հիվանդանոցում։

Դատապարտում եմ այդ զազրելի արարքը, մեր զորակցությունն եմ հայտնում Արթուր Չախոյանին, շուտափույթ ապաքինում մաղթում նրան»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը հերթական անգամ ի ցույց է դնում գործող իշխանության իրական դեմքը, հավելեց Սրբազանը՝ ընդգծելով․ «Ոհմակով մարդ ծեծելը ո'չ Աստվածային, ո'չ բնական, ոչ էլ նույնիսկ փողոցային կանոնով ընդունելի չէ»։

«Ոհմակով հարձակվել են մարդու վրա, որը  զուտ ցույց է տվել այդ խախտումները, առերևույթ չարաշահումները, որոնք հանրային միջոցների մսխման և որոշ մարդկանց գրպանները լցնելու միջոց են։ Սա այսօրվա իշխանության դեմքն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 Մանրամասները՝ տեսանյութում