Foto

Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի կարգավորումը այն չպետք է օգտագործեն ո՛չ խմելու, ո՛չ սննդի պատրաստման, ո՛չ էլ կենցաղային նպատակներով:

Սակայն սա արդեն մեկ դեպք չէ։

Բյուրեղավանում վերջին ամիսներին աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիների դիմելու դեպքեր էին արձանագրվել։ Սեպտեմբերի 6-ին բուժօգնության էր դիմել ևս 6 քաղաքացի, մի մասը՝ հոսպիտալացվել։ Բնակիչները խնդիրը կապում էին խմելու ջրի հետ։

Դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են, նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Միաժամանակ պաշտոնական մարմինները հայտարարում էին, որ նոր նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել, մինչդեռ բնակիչներին որոշ ժամանակ հորդորվում էր ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո։

Սյունիքի մարզի Ծավ համայնքում իրավիճակն առավել աղմկահարույց էր։ Բնակչի ահազանգից հետո ծորակի ջրի լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էր թույլատրելի սահմանը գերազանցող սնդիկ։ Կրկնակի նմուշառումները ևս նույն պատկերն էին արձանագրել։ Բնակիչներին հորդորվեց ջուրը չօգտագործել, համայնքը սկսեց այլընտրանքային ջրամատակարարում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տուժածներ չեն արձանագրվել։

Սակայն գլխավոր հարցը մնաց անպատասխան՝ ինչպե՞ս է սնդիկը հայտնվել մարդկանց խմելու ջրում, եթե նախկին հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել։

Եվ հիմա էլ՝ Քանաքեռավանը։ Կրկին նույն պատկերը՝ ջուրն աղտոտված է, բնակիչներին ասում են՝ մի՛ օգտագործեք, իսկ աղտոտման պատճառի, տեսակի և պատասխանատուների մասին ամբողջական տեղեկատվություն չկա։

Ստացվում է՝ Բյուրեղավանում մարդիկ հիվանդանոց են հասնում, Ծավում խմելու ջրում սնդիկ է հայտնաբերվում, Քանաքեռավանում էլ քաղաքացիներին պարզապես զգուշացնում են՝ ծորակի ջուրը մի՛ օգտագործեք։

Որտե՞ղ են վերահսկող մարմինները։ Ո՞վ պետք է ամեն օր համոզվի, որ մարդկանց մատակարարվող ջուրն անվտանգ է։ Եթե վտանգը բացահայտվում է այն ժամանակ, երբ քաղաքացին արդեն ահազանգում է, ապա ինչի՞ համար է պետական վերահսկողության համակարգը։

Ծավում ստեղծվել է աշխատանքային խումբ, Բյուրեղավանում քրեական վարույթ է ընթանում, հիմա էլ Քանաքեռավանում սպասում են խնդրի կարգավորմանը։

Սակայն սա այլևս առանձին բնակավայրերի ջրի խնդիր չէ։ Սա մարդկանց առողջության և պետական վերահսկողության արդյունավետության հարց է։

Եթե պետությունը քաղաքացուն ասում է՝ «ջուրը մի՛ խմեք», հաջորդ հարցն անխուսափելի է՝ իսկ ո՞վ է պատասխան տալու, որ վտանգավոր ջուրն ընդհանրապես հասել է մարդկանց ծորակներին»։