Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։
«-Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։
-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի։
-Դա արդարացնո՞ւմ է բռնությունը, բոլորս տեսանք, թե ինչպես են 10 հոգով հարձակվում մեկի վրա՝ դաժան ծեծի ենթարկում։
-Բռնությունը չի արդարացվում, բայց չգիտեմ․․. Մենք հայ մարդիկ ենք եւ յուրաքանչյուրս պահ կա, որ կարող ենք նաեւ չդիմանալ, այո, պետք է դիմանալ, պետք է սադրանքին չտրվել, պետք է սառնասրտորեն դիմանալ այդ ամեն ինչին, բայց եղածը` եղել է․․․․Իրենք եկան այդ նկարները կախեցին, դիմանալու չի էլի, եկեք ճիշտը խոսենք։
-Դուք նրա փոխարեն նույն կերպ կվարվեի՞ք։
-Ես չեմ կարող ասել։
-Պաշտոնյան պետք է իրեն կարողանա կառավարել, էմոցիոնալ վարք կարող են դրսեւորել ակտիվիստները, շարքային մարդիկ, բայց․․․
-Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, բայց երբ մարդուն հասցնում են, դու չես կարող ասել՝ այդ պահին ինչ կերպ կդրսեւորես։
-Այսինքն, հնարավոր էր՝ նաեւ սպաներ։
-Դե․․․ հնարավոր էր նաեւ հակառակը։
-Պարոն Մխիթարյան, միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել, պահանջում են թաղապետին աշխատանքից ազատել, սակայն մինչ այս պահը Ավինյանը որեւէ գնահատական չի տվել արարքին, քայլ չի արել։
-Գիտեք, հիմա գործը իրավապահ մարմիններն են քննում, թող նրանք տան իրենց եզրակացությունը տան, ըստ դրա նոր արդեն կարելի է ասել՝ ինչ պիտի լինի։
-Իրավապահներն իրենցը կանեն, քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց տեսանյութում տեսնում ենք՝ Տիգրան Տեր-Մարգարյանն ինչպես է ծեծում քաղաքացուն։
-Քրեական վարույթ է նախաձեռնվել նաեւ Արթուր Չախոյանի նկատմամբ։
-Այո, եւ դրանից էլ են մարդիկ վրդովված: Հիմա ինչպե՞ս է նա կարողանալու մի մեծ վարչական շրջան կառավարել, երբ մի վիրավորանքից հունից այդպես դուրս է գալիս։
-Գիտեք, մարդ կարող է չտիրապետել իրեն, որովհետեւ արժանապատվության, ինքնասիրության խնդիր էլ կա էնտեղ, եւ ինչ-որ չափով էլ պարոն Տեր-Մարգարյանը յուրաքանչյուր բնակչի արժանապատվությունն է պահել, որովհետեւ այդ նույն սադրիչը, յուրաքանչյուրի դուռը կարող է գնալ նման սադրանքով։
-Իսկ Տեր-Մարգարյանը պե՞տք է ազատվի թաղապետի պաշտոնից։
-Ըստ իս՝ ոչ։
-Չե՞ք կարծում, որ նա նույն վարքը կարող է դրսեւորել նաեւ հետագայում թաղապետարան մտած այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրեն կարող է երբեւէ վիրավորել։
-Իհարկե ոչ, ես Տիգրան Տեր-Մարգարյանին ճանաչում եմ երկար տարիներ, իմ կուսակից ընկերն է եւ 99 տոկոս նման դեպքերում ինքը զսպվածություն է դրսեւորելու։ Այդ սադրանքը բոլորիս մոտ էլ լինում են։
-Դա սադրա՞նք էր թե՞ քննադատություն։
-Դա քննադատություն չի, քննադատությունը պետք է լինի արդարացի։ Ինձ մոտ որ գալիս են, ասում են՝ այ էս խնդիրը խոսք եք տվել, չեք արել, ես ընդունում եմ դա, աշխատում եմ կատարել, նույնն էլ կատարվում է վարչական բոլոր շրջաններում։
-Ամեն դեպքում, հանրային այս մեծ աղմուկից հետո եթե Տիգրան Ավինյանը որոշի նրան ազատել զբաղեցրած պաշտոնից, Դուք կհրաժարվե՞ք ձեր պաշտոնից՝ գնալով ձեր կուսակցի հետեւից։
-Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու` մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները։
-Իսկ «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի՞։
-Մենք վայր կդնենք մեր լիազորությունները։»