Foto

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում , ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում, չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։