Դեռ ամիսներ առաջ, հարկային
բեռը հերթական անգամ ավելացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայարարում էր, որ հարկերը
բարձրացնելու ցուցիչ է այն, որ վարորդներն իրենց մեքենաները ավելի քիչ են տանում վերանորոգման,
քանի որ քաղաքում փոսեր չկան։ Երևան քաղաքում, նույնիսկ Կենտրոն վարչական շրջանում, մեքենա վարող ցանկացած քաղաքացի կփաստի, որ իրավիճակը հաճախ պատկերացրածից էլ վատ է։
Նույն հատվածում վարորդը պետք է ընտրի մեքենային անիվն ընկնի աջ, ձախ, թե՞ հենց կետրոնում
գտնվող փոսը։
Քաղաքային իշխանությունը
հպարտությամբ թվեր է հրապարակում, ըստ որի քաղաքի բյուջեի մուտքերն իրենց քաղաքապետ
դառնալուց հետո անընդհատ ավելանում են։ Բարձրացավ գույքահարկը, հանրային տրանպորտի
գինը, կարմիր գծերը, աղբի հարկը և հատկապես տնտեսվարողների համար նախատեսված հարկերն
ու դրանց համար սահմանված տույժերը։
Թվում էր, թե երևանցիներից հավելյալ և անվերջ գանձվող հարկերը պետք է գոնե որոշ մասով ծառայեցվեն հենց երևանցուն, բայց ոչ։ Որևէ վարչական շրջանում, նույնիսկ ամենափոքր, անգամ վերջերս հիմնանորոգված մի փողոց անգամ չկա, որտեղ փոսեր չկան։ Որոշ տեղերում նույնիսկ փոսերի մեջ բազկաթոռներ են տեղավորվում, տարբեր կենցաղային իրեր, հին անվադողեր, ճանապարհային մեծ նշաներ և տևական ժամանակ այդպես էլ մնում է։ Գոնե ամենանվազագույն փոսալցման աշխատանքները չեն կատարվում։ Իսկ եթե պլանավորել են, ժողովրդական բառապաշարով ասած, կարկատաններ անել, ապա այն քանդված է մնում տևական ժամանակ՝ մինչև կլցնեն, որը ճաքեր է տալիս օրերի ընթացքում։
Ասֆալտապատումը ևս
քաղաքային իշխանության գործառույթներից մեկն է, որը Երևանի քաղաքապետարանը ձախողում
է։ Որակյալ ասֆալտապատման աշխատանքներ կատարող ընկերություն չեն գտնում, բացի այդ, համագործակցություն
չկա Վեոլիա ջուր և այն ընկերությունների հետ, որոնք ասֆալտը քանդելով պետք է աշխատանքներ
իրականացնեն։ Չի վերահսկվում մեծ և ծանր քաշ ունեցող մեքենանաների մուտքը նույնիսկ
փոքր կենտրոն։ Եվ այսպես, ոլորտային աշխատանքները ձախողելով, հայտարարում են, թե իբր քաղաքում
փոսեր չկան, դրա համար էլ հարկերը բարձրացնում են և այլն։
Քաղաքային իշխանությունը ոչ միայն ձախողում է քաղաքի կառավարումը, այլև՝ հավանաբար կեղծ տվյալներ է տրամադրում վարչապետին, ով ոչ ճիշտ հայտարարություններ է անում։ Իսկ եթե ավագանու ընդդիմադիր անդամերի այսքան արձագանքից, տարածվող լուսանկարներից ու հրապարակումներից հետո ոչինչ չոխվի, ապա գուցե պետք է ընդունել, որ միայն զեկույցը չէ ապակողմորոշող հայտարարությունների պատճառը։
Ամեն դեպքում՝ տեսնես ինչ գնահատական կտա քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ փոսերն ավելի շատ ֆեյսբուքո՞ւմ են, թե՞ մայրաքաղաքի փողոցներում։
Տեսանյութը՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։