Foto

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։

Նշվում է, որ ըստ Կորեական կենտրոնական լրատվական գործակալության՝ ԿԺԴՀ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են «լիովին ազատագրել» սահմանամերձ Կուրսկի մարզը՝ համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։

Փհենյանի այս հայտարարությունից օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գովաբանել էր Հյուսիսային Կորեայի զորքերի «հերոսությունը»՝ առաջին անգամ հրապարակայնորեն ընդունելով Փհենյանի ներգրավվածությունը հակամարտության մեջ։

Գերասիմովը հայտնել էր, որ Մոսկվան լիովին ազատագրել է Կուրսկի մարզը, ինչն Ուկրաինան հերքել է

։ Արևմտյան պաշտոնյաներն ավելի վաղ BBC-ին հայտնել էին, որ երեք ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայի կողմից ուղարկված 11 000 զինվորներից առնվազն 1000-ը զոհվել են։Ըստ կորեական պետական լրատվամիջոցի՝ Ռուսաստան զորքեր ուղարկելու որոշումն ընդունվել է՝ հիմնվելով Մոսկվայի և Փհենյանի միջև ստորագրված փոխադարձ պաշտպանության մասին  համաձայնագրի վրա։

Ըստ հրապարակման՝ Փհենյանում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան կրկին կաջակցի ռուսական բանակին։ Հյուսիսային Կորեայի ուժերի՝ Ռուսաստան տեղափոխվելու մասին առաջին հրապարակումները հայտնվել են 2024 թ. հոկտեմբերին, երբ երկու երկրների ղեկավարները հայտարարեցին երկկողմ հարաբերությունների խորացման մասին։

Աղբյուրը՝ 168.am