Foto

Արա Քեթիպյան․ Ցեղասպանության վերաբերյալ ներկա և ապագա սերունդներին իրականության ճշգրիտ փոխանցումն ազգային անվտանգության խնդիր է

Շարունակում ենք նախօրեին սկսված մեր զրույցը, որի ընթացքում ցեղասպանագետ Արա Քեթիպյանն անդրադարձել էր նաև հույների ու ասորիների Ցեղասպանությանը՝ վկայակոչելով  փաստեր՝ ժամանակի ամերիկյան առաջատար թերթերից։ 

Իմ հարցին, թե՝ ի՞նչն է մղել նրան, որ այսչափ մանրամասնորեն զբաղվում է նաև հույների և ասորիների ցեղասպանությամբ,  պարոն Քեթիպյանը բավական հանգամանալի պատասխանեց․

-Իրոք, այդ հարցն ինձ հաճախ են տալիս։ Դրա պատասխանն այն է, որ երեք ազգերը բախտակիցներ ենք։ Բայց սա պատճառներից մեկն է։ Ընդ որում, եթե Օսմանյան կայսրության ժամանակ,  ներկայում ևս  թուրքերը հայերիս պարագայում շեշտում են, թե՝ ապստամբել ենք կամ՝ վտանգ ենք ներկայացրել՝ ապստամբելու համատեքստում,  ապա ինչպես իմ գրքերում եմ հանգամանալի ներկայացրել փաստերը,   հույներն ու ասորիներն ի՞նչ են արել իրենց դեմ։ Նրանք էլ հո չե՞ն ապստամբել։

Քեմալական Թուրքիայի և երիտթուրքերի ցեղասպանական գործողությունների համատեքստում՝ մեկ այլ կարևոր հանգամանք ևս  շեշտեմ, որն է՝  երեք ժողովուրդների հետ տեղի ունեցածի՝ միասին, համատեղ ներկայացման անհրաժեշտությունը։  Տեսեք,  պետական ատյաններին դիմելու պարագայում՝  սփյուռքում նման ձևաչափի արդյունավետությունը առավել մեծ է։  Այս առումով    ուշագրավ մի  փաստ ներկայացնեմ․ վերջերս Ավստրալիայի      Հայ Դատի հանձնախումբը դիմելով Տազմանիայի նահանգի /ամենափոքր նահանգը՝ Ավստրալիայում/՝պառլամենտին, որ ընդունեն Հայոց Ցեղասպանությունը, ներառեց  նաև հույներին և ասորիներին, և Տազմանիայի Ազգային Ժողովը երեք ժողովուրդների հանդեպ թուրքերի իրագործած Ցեղասպանությունը միաժամանակ ընդունեց։  Սա նշանակում է միասին աշխատանք տանելիս հաջողությունն առավել  ակնհայտ է։ Երրորդ պատճառն այն է, որ  հույն և ասորի ժողովուրդները չունեն այս տարողության ամերիկյան մամուլի էջերից քաղված արխիվային փաստեր, որ մենք ենք իրականացնում։ Արդեն իսկ հրատարակված է  14 ստվար հատորյակ, ևս 3-ը՝ պատրաստ է հրատարակության․․

 

 Հույների Ցեղասպանությունը

         

  -Մեր  պատմության վկան, մեր ճակատագրակիցն են հույները և հիմա հետաքրքիր է պարզել՝ որքանո՞վ է նման և որքանո՞վ՝ տարբեր հայերի և հույների հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպանային գործողությունները․․․

Ցեղասպանությունը։ Հետաքրքիր է նաև, թե՝  այսօր հույներն ինչպե՞ս են վերաբերվում սեփական պատմության այս դրվագին․․․ Միասնակա՞ն են՝ իրենց ընկալումի մեջ, թե՞ պառակտված․․․

-Հույների պարագայում Ցեղասպանության երեք տարեթվեր կան, որոնցից առաջինի համար հիշատակի օր է համարվում  ապրիլի 6-ը, տեղի ունեցած՝  Արևելյան Թրակիայում, որ ներկայիս Եվրոպական  Թուրքիան է, Կոստանդնուպոլիսը՝ ներառող․․․ Այնտեղ թուրքերի ձեռամբ  հույների հանդեպ կոտորածները տեղի ունեցան 1913-14 թվականներին։  Սակայն այս ցեղասպանությունը,  դժվախտաբար, հույն կառավարությունը չի ճանաչում։ Չճանաչելը պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցածն ավելի տեղահանումի և արտաքսումի երևույթով էր։ Այդ շրջանի հույների մի մասին վռնդեցին դեպի Հունաստան,  իսկ մյուս մասին՝ շուրջ 100 հազար հոգու արտաքսեցին դեպի Փոքր Ասիա, որոնցից կեսը մահացան։

Հիմա՝ Արևելյան Թրակիայի նոր սերունդը որպես ցեղասպանության հիշատակի օր նշում է ապրիլի 6-ը։ Բայց մյուս հույները չեն մասնակցում․․․Այս դեպքում՝ պառակտվածության առումով հույները  հայերին անցել են։

Իսկ մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների  ցեղասպանության հիշատակի օր, որն ընդունելի է բոլոր հույների կողմից։

Ի դեպ, պիտի փաստեմ՝ միակ երկիրը Հայաստանն է, որ ընդունել է ընդհանրական՝ բոլոր ժամանակներում, բոլոր տեղատարածքներում տեղի ունեցած հույների, այսինքն՝ օսմանյան հույների ցեղասպանությունը։  Սա  ՀՀ ԱԺ-ն ընդունեց 2015 թվականի մարտին։ 

Երրորդ թվականը, որ իբրև հիշատակի օր նշում են հույները, արդեն Իզմիրի, Զմյուռնիայի վերջին քեմալական հարձակումների և կոտորածների զոհերին են վերաբերվում։  Այսօր հույների շրջանում այս երեք հատվածական հիշատակի օրերը  միացնելու ցանկություն կա։ Ինչը կարծում եմ՝ խելացի որոշում է։ Ի դեպ, հայերն այս բաժանումներով չեն առաջնորդվում, մեզ համար գոյություն ունի մեկ ընդհանրական՝ Հույների Ցեղասպանություն։ Այս համատեքստում  փաստագրումները, որոնք  հավաքել եմ,  սկսվում է 1913-ից։ Դա այն շրջանն է, երբ Արևելյան Թրակիայում թուրքերը սկսեցին  նեղել  հույներին։ Հալածում էին, մեծ և մանուկ՝ սպանում։ 1916-ին հարձակվելով՝ քեմալական ուժերը մտան Սամսոն ու զարհուրելի սպանդը սկսվեց․ և հենց  այդ օրն է, որ իբրև Պոնտոսի հույների հիշատակի օր է նշվում։ Այդ տարածքում էին հիմնականում կենտրոնացած հույները, շուրջ 600 հազարի էին հասնում։

Եվ  իրենց ներկայությունն այստեղ ոչ միայն Օսմանյան կայսրությունից, այլև՝ Քրիստոսից առաջ էր։ Այստեղ նրանք դպրոցներ ունեին, զարգացման բարձր աստիճանի՝ մշակույթ և հանրային-մշակութային կյանք։  

Քեմալականները կոտորեցին կեսից ավելիին, ամենադաժան արարքների էին դիմում։ Ականատեսներից մեկի՝ միսիոներ Ջորջ Ուայթի/1861-1946/ վկայությամբ թուրքերը հրահանգ էին  տվել ժողովրդին՝ կին երեխա, ծեր,  առողջապահական նկատառումներով գնալ թուրքական բաղնիքներ, որ իբր, համաճարակներ չտարածվեն։ Հետո՝ ձմեռվա կեսին մինչև ծնկները ձյուն, մարդկանց  բաղնիքից դուրս էին հանել և մերկանդամ՝ ցուրտ ձյուների միջով՝  տարագրության էին  քշել․․․

-Գերմանացիների՝ հրեաների հանդեպ իրականացված գազախցիկները հիշեցրին․․․

-Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ՝ չարչարում էին, նոր մեռցնում։ Տառապանքով, դժոխքի միջով անցկացնելով․․․

 

Ասորիների ցեղասպանությունը

 

-Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ առանձնահատկություններ է ունեցել ասորիների ցեղասպանությունը։

-Համիդյան ջարդերի ժամանակ՝ հայերի հետ թուրքերը ասորիներին էլ էին սպանում, սրի քաշում․․․Այս է պատճառը, որ պատմաբանները հաճախ հղումներ անելիս՝ «հայ-ասորական կոտորածներ» են անվանում։ Ասորիների պարագայում «Ցեղասպանություն» եզրույթը ավելի քիչ է ընդունված, որովհետև համարվում է, թե նրանք  դիմադրել են, պայքարել ու կռվել են, և այլն․․․

-Իսկ մի՞թե ցեղասպանին դիմադրելը նշանակում է, թե՝ դիմացինի իրականացրած գործողությունը այլևս ցեղասպանություն չէ։ 

-Տեսեք, համոզելը, որ դիմադրություն է, այլ ո՛չ ապստամբություն, խնդիր է, որը մենք՝ հայերս էլ ենք ունեցել․․․ Իսկ ասորիների պարագայում դժվարություն է նաև այն, որ իրենք այս հարցերի համակարգմամբ պետականորեն զբաղվող չունեն, քանզի նրանք պետություն չունեն․․․ Աշխարհով մեկ սփռված են։

1895-ին ամերիկյան թերթերը բարձրաձայնել են, որ Աբդուլ Համիդը բոլոր կառավարիչներին հանձնարարել է նեստորյաններին տուրքերի տակ  գցել՝ պահանջելով, հետները առևտուր չանել, մինչդեռ նրանք  մի կերպ ապրում էին, երբեք չէին կարող տուրք վճարել։ Ասել է՝ ապրելու համար անհնարին պայմաններով խեղդել նրանց՝ պահանջելով, որ լքեն իրենց տները։ Իսկ այսօրինակ թիրախավորումը ցեղասպանական արարք է՝ հանրույթին բնաջնջելու նպատարով։ Այդ է պատճառը, որ ես  «Ասորիների ցեղասպանությունը» գրքիս մեջ առաջարկել եմ 1915 թվականի հետ որպես ասորիների հանդեպ ցեղասպանության թվական ավելացնել նաև 1895 թվականը։ Ասորիների ցեղասպանության մեջ բացասական դեր են ունեցել նաև քրդերը։ Երբ հարձակվել են Ուրմիայում ապրող ասորիների վրա, դրան հաջորդել է ասորիների և հայերի՝ շուրջ 40- 60 հազար տեղաբնիկների փախուստը։ Նրանց բոլորին՝ ասորիներ, հայեր՝ քրդերն ու օսմանյան վաշտերը հետապնդում էին մինչև անապատներ, որ կոտորեին։

Պատմվում է, որ  այդ ժամանակ անգլիացի մի զորավար՝ Դանսթըրվիլը (Dunsterville), որ այդ կողմերով Կովկաս էր գնում՝ հանդիպում է անապատի ավազուտների միջով քայլող «մարդկային քարավանին» և  ավստրալացիներից ու  նորզելանդացիներից կազմված  իր փոքրիկ խմբով գաղթականներին  պաշտպանելու գործն իր վրա է վերցնում։  Գաղթականների հետևից գնալով նա իր փոքր ջոկատով կարողացել է հազարհոգանոց քրդերի և թուրքերի դեմն առնել։ Այսպես, նրանք իրենց կյանքը զոհաբերելով հնարավորություն են տվել որ ժողովուրդը կարողանա փախչել և փրկվել վայրագներից․․․

Տարիներ առաջ Նոր Զելանդիայում ի պատիվ նրանց հուշարձան տեղադրվեց, որին ներկա եղան հայեր և ասորիների ներկայացուցիչները․․․

-Ինչ խոսք, պարոն Քեթիպյան,  այս դրվագները մտածելու առիթ են տալիս,  նաև՝ Եվրոպան այն ժամանակից ի վեր ոչ միայն ավելի մարդկային չի դարձել, այլև սառն ու անտարբեր է այսօր մարդկային կյանքերի հանդեպ, վկան՝ Արցախի հայության հանդեպ էթնիկ զտում անվանվող  ցեղասպանային գործողությունները, նրանց  բռնի տեղահանումը բնօրրանից․․․ թեպետ սիրում են հումանիզմի և դեմոկրատիայի համատեքստում ճառել․․․

Սա օտարներն են, իսկ  ՀՀ ներկա իշխանությու՞նն ինչ է անում․․․

 Մի ուշագրավ դրվագ․ ամեն տարի ապրիլ 24-ին «Հանրային» հեռուստաընկերությունը, որն, ի դեպ, հանրության հարկերով է սնվում, Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը հայագետ, ցեղասպանագետ Արա Քեթիպյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի համապատկերում հրավիրում էր հարցազրույցի։ Ըստ ամենայնի՝ այս տարի, Ցեղասպանությունն ուրացող իշխանությունները տաբու էին դրել  և  Հ1-ն էլ լուռ էր։

Ա․ Ե․

P.S.  Անցյալ տարի ապրիլին 24-ին  ցեղասպանագետ Արա Քեթիպյանը Հունաստանի՝  Աթենքի ակադեմիայի և Աթենքում ՀՀ դեսպանության հրավերով ՀՀ դեսպանության և  Աթենքի ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ Միջոցառման գխավոր բանախոս ներն էին Հունաստանի նախկին նախագահ՝ Պրոկոպիոս Պավլոպուլոսը և «օսմանյան հույների Ցեղասպանությունը» գրքի հեղինակ Արա Քեթիպյանը։

Ներկայացնելով իրապես կարևոր  և հատկապես՝  հույների համար բացառիկ աշխատությունը, քանի որ այն, ըստ էության,  իր նախադեպը չի ունեցել,  հեղինակն իր ելույթում ցեղասպանության զոհ դարձած բոլոր ազգերին և  մասնավորաբար՝  թուրքերի իրագործած ցեղասպանության զոհը դարձած հույն, հայ և ասորի  ժողովուրդների սերունդներին  շատ կոնկրետ պատգամ հղեց։ Այն է՝ «Ցեղասպանության վերաբերյալ ներկա և ապագա սերունդներին  իրականության ճշգրիտ փոխանցումն ազգային անվտանգության  խնդիր է, ինչն անչափ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար։