Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի հրապարակի պատշգամբից կարճատև ուղերձի ժամանակ հիշել է աշխարհի թեժ կետերն ու նաև հայ-ադրբեջանական հարցը, ասելով, որ աղոթում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտ ստորագրման համար:
«Աղոթե՞լ ես գիշերը, Դեզդեմոն… էհ, Ֆրանցիսկոս»: Պապն ըստ երևույթին աղոթում է, որ հետո չտան ավելորդ հարցեր:
Պուտինն Ուիտկոֆֆին ասել էր, թե նախընտրական արշավի ժամանակ Թրամփի դեմ մահափորձից հետո գնացել է եկեղեցի և աղոթել նրա կյանքի ու առողջության համար:
Աղոթքը դարձել է միջազգային հարաբերությունների կատեգորիա՞: Հետաքրքիր է:
Կլսի՞ Պապի աղոթքը Բարձրյալը: Կլսի, անկասկած: Հարցն այն է սակայն, որ հայ-ադրբեջանական խաղաղության հարցն Աստծո ձեռքերում չէ: Իսկ, եթե մնացել է Աստծո ձեռքերում, ապա դա գուցե արդեն խաղաղության հարց չէ, այլ նախախնամության:
Ֆրանցիսկոս Առաջինը հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման համար աղոթքո՞վ էր զբաղված օրեր առաջ, որ չէր «նկատել» Վատիկանում ադրբեջանական «գիտաժողովը», որտեղ նենգափոխվում էր Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության պատմությունը:
Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն այդ կապակցությամբ իր հայտարարությունում նշել էր, թե ՎՍՏԱՀ է, որ պաշտոնական Վատիկանը չէ այդ մոտեցումների կրողը կամ համակիրը:
Որտեղի՞ց այդ վստահությունը: Պա՞պն է ասել, թե՞ որևէ մեկը՝ Պապի անունից:
Թե Վատիկանի պաշտոնական տեսակետն այժմ այլ տեղ է, առայժմ՝ ոչ պապական գահին:
Ֆրանցիսկոս Առաջինը մահամերձ էր շաբաթներ առաջ, բայց փրկվեց հրաշքով: Ըստ երևույթին Սիքստինյան մատուռի «ծխնելույզը» դեռ լավ մաքրված չէր՝ սպիտակ ծուխ դուրս գալու համար:
Հրաշքով ողջ մնացած Պապը այժմ աղոթում է, որ սպիտակ ծուխ դուրս գա հայ-ադրբեջանական պայմանագրից, այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ Վատիկանում թույլ էր տվել ադրբեջանական սևի խրախճանքը: Դա խաղաղության գի՞նն էր, թե՞ չվճարելու հետևանքի ակնարկը»: