Foto

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն

Արցախի իշխանությունները խիստ դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի պահվածքը՝ հիշեցնելով պատերազմում զոհված ու անհետ կորած արցախցիների թիվը։

«ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել: 

Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:

Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:

Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…», - ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։