ԼՂ ժողովրդի՝ արցախահայության շահերը պաշտպանող միակ փաստաթուղթը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Այլ ճանապարհ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արցախցիների հետ հանդիպումից հետո։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին, որն այսօրվա իշխանությունների օրակարգում չկա, հարցին՝ այդ մոտեցումը նո՞ր է ձևավորվել իշխանության մոտ, թե՝իր՝ հատուկ հանձնարարություններով դեսպան եղած ժամանակ կար՝ Մարուքյանը նշեց, որ այդ մոտեցումը ձևավորվել է Արցախի էթնիկ զտումից հետո, անգամ դրանից հետո Գրանադայի համաձայնագրում ՀՀ-ն հասել էր նրան, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի վերադառնա Արցախ։
«Այդ մոտեցումները մի քանի ամիս դեռ մնացել են։ Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը չպետք է բարձրացնի Արցախի վերաբերյալ որևէ հարց, Հայաստանն էլ՝ չի բարձրացնում։ Ակնկալիքը, իմ ընկալմամբ, այն է եղել, որ նրանք էլ հայելային ձևով չեն բարձրացնելու «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է իր թեզերն առաջ մղել, իսկ ՀՀ-ն՝ հրաժարվում է պաշտպանել իր շահերը։
Ըստ Մարուքյանի՝ միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերադարձն է, այսինքն՝ գնալ այդ ֆորմատով նստել բանակցային սեղանի շուրջ, որովհետև Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ նշելով, որ ՀՀ-ն պարտքեր ունի տալու, իսկ ՀՀ-ն՝ չի խոսում։ Եթե չեն կարողանում ապահովել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ռուսական զորքերը մտնեն ԼՂ, վերականգնվի Լաչինի միջանցըք, ապա, ըստ Մարուքյանի, պետք է եռակողմ կերպով առոչինչ ճանաչեն փաստաթուղթը։









