Foto

Իրանի հետ սահմանին կանխվել է զինված ներթափանցման փորձ. պնդում է Բաքուն

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին «Գյոյթափե» սահմանապահ հենակետի հատվածում կանխվել է Իրանի տարածքից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու փորձ։

Սահմանապահները նկատել են երեք անհայտ անձանց շարժ՝ պետական սահմանի ուղղությամբ։ Անձինք չեն ենթարկվել սահմանապահների «Կանգ» հրամանին և արձակել են կրակ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ի պատասխան կրակահերթին, ադրբեջանցի սահմանապահները չեզոքացրել են ներխուժողներից մեկին, երկրորդը ձերբակալվել է, իսկ երրորդին հաջողվել է փախուստի դիմել և վերադառնալ Իրանի տարածք՝ օգտվելով մթությունից և բարդ տեղանքով։

Դեպքի վայրում հայտնաբերվել են «Վինչեստեր» տեսակի հրացան, գիշերային տեսողության սարք, պարկուճներ, ինչպես նաև երեք փաթեթ մարիխուանա՝ ընդհանուր 32,4 կգ քաշով։

Իրանի պատկան մարմինները տեղյակ են պահվել միջադեպի մանրամասների վերաբերյալ։