Համաշխարհային ֆոնդային բորսաներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով ռեկորդային անկում են գրանցել, 2 օրում համաշխարհային շուկան կորցրել է 6 տրլն դոլար, նշում է The Guardian-ը:
Կիրակի ուշ երեկոյան Air Force One նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ իրեն չեն անհանգստացնում շուկայի կորուստները:
«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան անկում գրանցի: Բայց երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել», - ասել է Թրամփը՝ «դեղ» ասելով նկատի ունենալով մաքսատուրքերը:
Նշվում է, որ Չինաստանի ֆոնդային շուկան բացվել է 10% անկումով, ինչը 2008-ից ի վեր անկման ռեկորդային ցուցանիշ է:
Nasdaq-ի և S&P 500-ի ֆյուչերսները կորցրել են 5,4% և 3,84%, ինչը դրանց վատագույն եռօրյա անկումն է 1987-ից ի վեր:
Brent տեսակի նավթի գինը 2021-ի ապրիլից ի վեր առաջին անգամ նվազել է 1 բարելի համար 64 դոլարից:
Bitcoin կրիպտոարժույթի արժեքը 2024-ի նոյեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ նվազել է 75,000 դոլարից:
Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը նվազել է 8%-ով: Նմանատիպ պատկեր է Թայվանի բորսաներում:
Մեծ Բրիտանիայի FTSE 100 ինդեքսը նվազել է 6%-ով, ինչը 2024-ի փետրվարից ի վեր նվազագույն ցուցանիշն է:
Գերմանիայի Dax-ը գրանցել է 10% անկում, Ֆրանսիայի CAC 40-ը՝ 4%, Իտալիայի FTSE MIB-ը՝ 6%:
Ավելի քան 160 միլիարդ դոլարի կորուստ է արձանագրվել Ավստրալիայի արժեթղթերի շուկայում:
Թրամփն ասել է, որ հանգստյան օրերին խոսել է Եվրոպայի և Ասիայի առաջնորդների հետ: Վերջիններս հույս ունեն համոզել ԱՄՆ նախագահին նվազեցնել մաքսատուրքերը, որոնք որոշ դեպքերում հասնում են մինչև 50%-ի:
«Նրանք ցանկանում են խոսել, բայց խոսակցություն չի լինի, եթե նրանք մեզ տարեկան մեծ գումարներ չվճարեն», - ասել է Թրամփը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ ավելի քան 50 երկրներ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ անցյալ չորեքշաբթի մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։
ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: